Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 17-18-ը կայցելի Թուրքիա, որտեղ կքննարկի Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Սերգեյ Լավրովը Թուրքիա կմեկնի Անթալիայի 5-րդ դիվանագիտական համաժողովին մասնակցելու համար:
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի հինգերորդ դիվանագիտական համաժողովին», – ասել է Զախարովան:
Նշենք, որ Անթալիայի 5-րդ դիվանագիտական համաժողովը տեղի կունենա ապրիլի 17-19-ը:
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։
Sputnik Արմենիա
