Ռուսաստանը կօգտագործի իր հնարավորություններն ու կապերն Իրանի հետ, որպեսզի Մերձավոր Արևելքում խնդիրները չսրվեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Կձգտենք օգտագործել մեր հնարավորությունները, այդ թվում` Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններում, որպեսզի այդ խնդիրն այլևս չսրվի և լուծվի», ասել է Լավրովը Բրունեյ-Դարուսալամ պետության երկրորդ արտգործնախարար Էրիվան Յուսոֆի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը բաց է Մերձավոր Արևելքում իրավիճակի շուրջ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ երկխոսության համար. Մոսկվան երբեք չի ընդհատել այդ երկխոսությունը:
«Բոլոր հանգամանքներում մենք բաց ենք երկխոսության համար և՛ նրանց (ԱՄՆ-ի – խմբ.), և՛ Իսրայելի հետ։ Մենք երբեք չենք ընդհատել այդ երկխոսությունը», – նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
ԻՐԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄՆ-Ի ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԴԵՌ ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Անդրադառնալով ամերիկա-իսրայելական հակաիրանական գործողությանը՝ ՌԴ ԱԳնախարարն ընդգծել է, որ այս պահին հստակություն չկա, թե հատկապես ինչ նպատակներ է հետապնդում ԱՄՆ-ն Իրանում:
«Խելամիտ միջնորդելու համար, իհարկե, պետք է ինչ-որ հստակ ընկալում, թե որ ուղղությամբ են կողմերը շարժվում։ Առայժմ նման հստակություն չենք տեսնում մեր ամերիկացի գործընկերների նպատակների առնչությամբ»,-հայտարարել է նա իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ռուսաստանի համար համոզիչ չէ ռազմական գործողություն սկսելու` ԱՄՆ–ի պատրվակը։
«Գուցե (ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց – խմբ.) Սթիվ Ուիտկոֆը հաջող չի արտահայտվել, բայց եթե հենց դա է եղել ագրեսիայի բռնկման պատճառը (ուրանի հարստացումից Իրանի չհրաժարվելը–խմբ.), ապա շատ հարցեր են առաջանում», – նշել է Լավրովը:
Նա նաև ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է չսահմանափակվել Իրանով, Վենեսուելայով և Կուբայով:
«Ռուբիոն (ԱՄՆ ետքարտուղար Մարկո Ռուբիո–խմբ.), վերջերս պատասխանելով լրագրողների հարցին, հնարավոր է գտել մի տարբերակ, ըստ որի՝ Միացյալ Նահանգները կկառավարեն Իրանը այնպես, ինչպես հայտարարել են, որ կկառավարեն Վենեսուելան: Այժմ նմանատիպ սխեմա է փորձվում Կուբայի համար։ Եվ դա, հավանաբար, վերջը չէ»:
Լավրովը հայտարարել է, որ քննարկումներում Միացյալ Նահանգների համար ՄԱԿ-ի կանոնադրությունն այլևս փաստարկ չէ:
Ըստ այդմ, ներկա միջազգային իրավիճակը դարձել է այն խորքային խնդիրների արտացոլումը, որոնք կայանում են միջազգային իրավունքի բախման և դրա բացակայության մեջ, ինչպես դա եղավ, օրինակ, 19-րդ դարում։
«Դա, ինչպես ասացի, խորքային խնդիրների արտացոլումն է, որոնք այժմ ջրի երես են դուրս եկել, և որոնք առաջին հերթին միջազգային իրավունքի բախման ևմիջազգային իրավունքի բացակայության մեջ են, ինչպես դա եղել է, ասենք, 19-րդ դարում, նախքան Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով որոշակի ըմբռնումների հասնելը, իսկ հետո՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, ընդունվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, ստեղծվել է Միավորված ազգերի կազմակերպությունը», – ասել է Լավրովը:
ԻՐԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՆՐԱ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ԵՎՍ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՆԵՆԱԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ
Սերգեյ Լավրովի խոսքով՝ Իրանի դեմ սանձազերծված պատերազմը կարող է խթանել շարժումը հօգուտ միջուկային զենքի ստեղծման ոչ միայն Թեհրանի, այլև նրա հարևանների մոտ:
«Այս պատերազմը, որն այժմ սանձազերծել են Իրանի դեմ, առաջին հերթին կարող է խթանել ձգտումը հօգուտ միջուկային զենքի ստեղծման, և ոչ միայն Իրանում։ Նման միտում անմիջապես կհայտնվի նաև արաբական երկրներում, որոնք հարևան են Իրանի Իսլամական Հանրապետությանը <:..> Նրանց վրա, ովքեր միջուկային ռումբեր ունեն, ԱՄՆ-ը չի հարձակվում», – ասել է նա։
Ընդ որում, մեծանում է միջուկային զենքի չտարածումը վերահսկողությունից դուրս գալու խնդիրը։
«Հիմա մեծանում է ռիսկը, որ միջուկային տարածման խնդիրը կսկսի դուրս գալ վերահսկողությունից», – հայտարարել է Լավրովը Բրունեյի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Մինչդեռ Ռուսաստանը հանդես է եկել և շարունակելու է կտրականապես դեմ հանդես գալ այն գործողություններին, որոնք կարող են միջուկային սպառազինությունների մրցավազք հրահրել:
«Մենք նախկինի պես կպաշտպանենք միջուկային զենքի չտարածման սկզբունքները, կտրականապես դեմ հանդես կգանք այն գործողություններին, որոնք կարող են խաթարել այդ սկզբունքները և միջուկային սպառազինությունների մրցավազք հրահրել», – նշել է նա:
ՌԴ-Ի ԱՌԱՋԱՐԿԱԾ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀԻՄԱ ՇԱՏ ՏԵՂԻՆ ԿԼԻՆԵՐ
Լավրովը կոչ է արել անցկացնել մերձավորարևելյան համապարփակ համաժողով, որը Ռուսաստանը երկար տարիներ առաջարկում է հրավիրել տարածաշրջանի խնդիրները քննարկելու համար:
«Սա փակ շրջան է, և երբեք դրանից չի կարելի դուրս գալ, եթե չհավաքվենք և հարցերի ամբողջ համալիրը չքննարկենք։ Մերձավորարևելյան համաժողովը, որը մենք նույնպես երկար տարիներ առաջարկել ենք, հիմա շատ տեղին կլիներ։ Նման ժողովի բացակայության դեպքում, որտեղ բոլորը ներկայացված կլինեին, և յուրաքանչյուրը հնարավորություն կունենար սեփական տեսակետը պաշտպանել, ապացուցել, բացատրել, շահերի հավասարակշռություն փնտրել, ստացվում է, որ առանձին տերություններ լուծում են տարածաշրջանի բոլոր խնդիրները», — կարծում է ՌԴ արտաքին գործերի նախարարը։
