Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել են Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Լավրովն անընդունելի է որակել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին, այդ թվում՝ «Բուշեր» ԱԷԿ-ին հասցվող ամերիկա-իսրայելական հարվածները, որոնք անթույլատրելի ռիսկեր են ստեղծում ռուսական անձնակազմի անվտանգության համար և աղետալի բնապահպանական հետևանքներով են հղի տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ առանց բացառության»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կողմերը մտահոգություն են հայտնել, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից հրահրված հակամարտությունը կարող է տարածվել դեպի Կասպից ծովի ջրատարածք։
Ռուսական կողմը շեշտել է մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով բոլոր ներգրավված կողմերի, առաջին հերթին՝ Իրանի օրինական շահերը։
Արաղչին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը Իրանին ցուցաբերվող դիվանագիտական և այլ աջակցության, այդ թվում՝ մարդասիրական օգնության մատակարարման համար։
Նշվում է նաև, որ զրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ։
Sputnik Արմենիա
