Ռուսաստանը կարձագանքի սառեցված ակտիվների սեփականազրկմանը կամ Ուկրաինայի տարածքում եվրոպական զորքի տեղակայմանը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչպես ընդգծել է նախագահը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. խմբ.), մենք չենք պատրաստվում պատերազմել Եվրոպայի հետ։ Մենք նման մտադրություն չունենք։ Սակայն ցանկացած թշնամական քայլի, այդ թվում՝ Ուկրաինայում եվրոպական ռազմական անձնակազմի տեղակայմանը և ռուսական ակտիվների բռնագրավմանը կպատասխանենք, մենք արդեն պատրաստ ենք այդ պատասխանին», – ասել է Լավրովը` ելույթ ունենալով Դաշնության խորհրդում։
Նա նշել է, որ Եվրամիությունն իր անհույս քաղաքական կուրության մեջ պատրանքներ ունի, թե կարող է այս կամ այն կերպ հաղթել Ռուսաստանին։
«Իրենց ողջ քաղաքական կապիտալը Ռուսաստանի հետ պատերազմում ներդնելով, օգտագործելով Ուկրաինայի քաղաքացիների ձեռքերն ու մարմինները` նրանք շարունակում են անհույս քաղաքական կուրության մեջ պատրանքներ ունենալ, որ այս կամ այն կերպ կարող են հաղթել մեր երկրին», – ասել է Լավրովը։
«The Financial Times»-ի տվյալներով՝ Եվրամիության ղեկավարությունը մտադիր է արագացված ռեժիմով հատուկ օրենք ընդունել ՌԴ–ի սառեցված ակտիվների անժամկետ արգելափակման վերաբերյալ՝ Հունգարիայի հնարավոր վետոն շրջանցելու համար: Եվրոպական երկրները մտադիր են այս կամ հաջորդ շաբաթվա ընթացքում հայտարարել ռուսական սուվերեն ակտիվների սեփականազրկման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու մասին:
Sputnik Արմենիա
