Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անքորիջում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ ընդունել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ԱՄՆ ծրագիրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունգարական Ultrahang յութուբյան ալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ալյասկայի գագաթնաժողովից առաջ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը Մոսկվա է բերել Ուկրաինայի վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկները, որոնք ուշադիր ուսումնասիրվել են ռուսական կողմից։ Հանդիպման ժամանակ Պուտինը մանրամասն կրկնել է հայեցակարգի յուրաքանչյուր տարրը։
«Ամեն ինչ հաստատվել էր։ Դրանից հետո Պուտինը հայտարարել էր, որ Կրեմլը պատրաստ է ընդունել իրենց հայեցակարգը և գործնականում առաջ շարժվել առաջարկվող հիմքերի վրա»,- ասել է Լավրովը։
Բացի այդ, ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու հարցում «արմատապես» փոխվել է։ Նա նշել է, որ Ալյասկայի գագաթնաժողովից հետո Թրամփն «ուղղակիորեն և հրապարակայնորեն հայտարարել է, թե կարծում է, որ խոսքը հրադադարի մասին չէ, այլ կայուն, երկարաժամկետ խաղաղության»։ Հիմա, հավելել է Լավրովը, խոսքը միայն հրադադարի մասին է։
«Այս պահին նրանք խոսում են միայն անհապաղ հրադադարի մասին, իսկ հետո պատմությունը կդատի. սա արմատական փոփոխություն է»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Լավրովը հարցազրույցի ժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգները «գտնվում է եվրոպական «բազեների», Վլադիմիր Զելենսկիի և այլոց կողմից հսկայական, անհավանական ճնշման տակ, որոնք չեն ցանկանում որևէ ոլորտում ռուս-ամերիկյան համագործակցություն»։
Հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ «ժամանակն է դադարեցնել սպանությունները և համաձայնության գալ»։ Նա առաջարկել էր դադարեցնել մարտերը առաջնագծում։ Այս առաջարկին աջակցել էին Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդները։
Լավրովն էլ հայտարարել էր, որ Ուկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։
Հավելենք, որ Թրամփն ու Պուտինը պետք է գագաթնաժողով անցկացնեին Բուդապեշտում, սակայն հանդիպումը տեղի չի ունենա։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր գագաթնաժողովի չեղարկման մասին, մինչդեռ ռուսական կողմը խոսել է «հանդիպումը հետաձգելու» մասին։
Factor.am
