Логотип

«Լարվածությունը Վալոդյա Գրիգորյանի սպանության չբացահայտման հետևանքով է». Մերձավանցիները բողոքի ցույց կանեն

Մերձավանում լարված իրավիճակի, առաջիկա օրերին բնակիչների կողմից սպասվող բողոքի ցույցի մասին տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

«Լարվածությունը համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չբացահայտելու հետևանք է, մարդիկ պահանջում են սպանության ամբողջական բացահայտում: Դրա ամբողջական և հետևողական կոծկումը բերում է նման հետևանքի»,- ասաց Թանդիլյանը:

Ախտոյանների՝ Մերձավան հնարավոր վերադարձի վերաբերյալ լուրերի ու դրանով պայմանավորված Մերձավանում իրավիճակի սրման մասին Թանդիլյանը տեղեկություններ չուներ:

«Միանգամայն պարզ է, որ սպանություն կատարած անձը միայնակ չի գործել, ունեցել է սատարողներ, խրախուսողներ, երաշխավորներ, ինչո՞ւ չէ՝ կազմակերպիչներ: Բազմաթիվ հարցեր կան չբացահայտված: Սա է, որ քաղաքացիներին հանգիստ չի թողնում Փարաքարում որովհետև նման ոճրագորոծությունը անհետևանք չի կարող մնալ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին սպանվել է Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը։ Նրա սպանությանը աջակցելու մեղադրանքով կալանավորվել է Նարեկ Օհանյանը՝ Փարաքար համայնքի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին: Վոլոդյա Գրիգորյանի սպանությունից հետո Ախտոյանները հեռացել էին Մերձավանից, գյուղացիները նրանց վտարելու պահանջով ստորագրահավաք էին նախաձեռնել։

Հիշեցնենք նաև, որ Վոլոդյա Գրիգորյանի սպանությանը Մերձավանում նախորդել էր մեկ սպանություն. փետրվարին Մհեր Ախտոյանի տան հարևանությամբ գտնվող գրասենյակի մոտ էր խմբակային ծեծկռտուք տեղի ունեցել, սպանվել էր վերջինիս հորաքրոջ որդին՝ Գրիգոր Ախտոյանը՝ Վոլոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբայրը:

Ըստ պաշտոնական վարկածի՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը փետրվարին տեղի ունեցած այս սպանության շարունակությունն է։ Հասարակության, հատկապես մերձավանցիների շրջանում այս վարկածը միանշանակ չի ընդունվում։