Փաշինյանի կուսակցությունը ճիգ արեց, զոռ տվեց ու… մուկ ծնեց: Այն, ինչ կատարվեց Հովհաննավանքում անցած կիրակի, ՔՊ-ի և անձամբ Նիկոլի խայտառակ ձախողումն էր։ Համացանցում հրապարակված տեսանյութերն ակնբախ ցույց տվեցին, թե որքան խղճուկ էր հակաեկեղեցական, հերետիկոսական արշավի նրա բեմադրած մեկնարկի տեսարանը։
ԶԼՄ-ՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԲԱՎԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՈՐԵՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՅՆ ԹԵՄԱՅԻՆ, թե ինչպես էր եկեղեցատյաց Փաշինյանը հազիվ մեկ-երկու հազար գլխաքանակ քչփորել իր գարշելի նախաձեռնության համար, այն էլ լոկ՝ իշխող կուսակցության պատգամավորներ ու քաղաքապետներ, ամեն տեսակի աղանդավորներ, ԼԳԲՏ ներկայացուցիչներ ու պարապ մարդիկ, որոնք հավաքվել էին Հովհաննավանքում, որպեսզի պարզապես նայեին, թե ոնց է «ժողովրդական վարչապետը» հրապարակավ իրավունք շնորհում կարգալույծ Ստեփանին իր հետ միասին գլխավորելու «Սուրբ Եկեղեցին ժողովրդին վերադարձնելու», այսինքն՝ ՔՊ կուսակցությանը ենթարկելու պայքարը։
Պետք է ենթադրել, որ Նիկոլը վիթխարի վհուկատոնի սցենար էր պատրաստել Հովհաննավանքում։ Նա, անշուշտ, ակնկալում էր, թե կեղծ պատարագին այնքան շատ մարդ կհավաքվի, որ ասեղ գցելու տեղ չի լինի ոչ միայն տաճարում ու նրա տարածքում, այլև ամբողջ գյուղում՝ փողոցներով, այգիներով, շրջակայքով ու մուտքի ճանապարհներով: Եվ իր թիկնազորի օպրիչնիկները, սառցահատների պես, վարչապետի առջև արմունկներով ճանապարհ կբացեն հոծ զանգվածների միջով դեպի տաճար և հետադարձ։ Թե ամբոխը վեր-վեր կնետի թասակներն ու կգոչի. «Առաջնորդի՛ր մեզ, հայր մեր հարազատ, պատերազմելու ատելի եկեղեցականների դեմ, որոնք կոռուպցիայի, ահաբեկչության և անառակության որջի են վերածել Սուրբ Աթոռը»։
Իսկ ինքը պետք է հուզվեր այդ ողջ գործողության «միանգամայն անսպասելի զանգվածայնությունից», հետո իբր հանպատրաստից ճղճղան ճառ ասեր վրա հասած պատմական պահի մասին, ապա ծնկի իջներ «ժողջան»-ի առջև ու հայտարարեր, թե իբր՝ այդ դուք ինձ ոգեշնչեցիք սրբազան պայքարի, և ես հլու-հնազանդ կատարում եմ ձեր կամքը, քանզի ձայն բազմաց՝ ձայն Աստծո։
Մի խոսքով, Նիկոլը մեծ հույսեր էր փայփայում, թե կարող է նորից ալեկոծել փողոցը, բորբոքել ու թամբել բողոքը, նորից խելագարեցնել ամբոխին և, մակաբուծելով նսեմ կրքերի ու տգիտության վրա, ամրացնել արդեն բավական երերացող իր աթոռը։ Այսպիսին է փաշինյանական իշխանության բնույթը. սնվել միայն բացասական հույզերով, ատելությամբ ու խավարամտությամբ, որպեսզի հետո գեներացնի դրանք տիեզերական մասշտաբների և վերադարձնի զանգվածներին։
Այլ կերպ կառավարել փաշինյանականությունն ի վիճակի չէ ի բնե։ Իշխանության այլ բանաձև նա չգիտի և չի էլ ուզում իմանալ։ Զանգվածների պառակտումը, չարացումը, փոխադարձ թշնամանքը, մանիպուլյացիաներն ու խելագարությունը նրա տարերքն են։ Իսկ ամբոխի գիտակցումն ու զղջումը անխուսափելի մահ է այսպիսի իշխանության համար, ընդ որում՝ վայրկենական։
Նիկոլը ջերմագին հավատում էր, թե Եկեղեցու հանդեպ տգետների ու մանկուրտների ատելությունն այնքան ուժեղ է, իսկ տգետներն ու մանկուրտները ժողովրդի մեջ այնքան շատ են, որ այդ սնուցումը կբավականացնի իր իշխանությանը ևս մի քանի տարի։ Նա հույս ուներ, թե մատի մեկ շարժումով կրկին կփոթորկի կեղտն ու քըսի կտա իր հետևորդների հորդաներին պայքարելու Եկեղեցու դեմ, ինչպես որ մի անգամ արեց դա խելագարված զանգվածների հետ ՝ նրանց չարությունն ուղղելով դեպի «նախկինները»։ Փորձում էր մակաբուծել թերասությունների, թյուրիմացությունների, իսկ այլ դեպքերում (անկեղծ լինենք)՝ անդունդի վրա, որն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ձևավորվել է հասարակության որոշակի հատվածների և Սուրբ Եկեղեցու միջև։
ՀԻՄԱ ՆԱ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ Է ՀԱՍԿԱՆԱԼ, ՈՐ ԹԵՐԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ ԵՆ ԱՆԿԵՂԾ ԶՐՈՒՅՑՈՎ, հակասությունները տեղի են տալիս կորցրած ներդաշնակության էությունն ու պատճառները հասկանալու անկեղծ ձգտմանը, իսկ անդունդը սկսում է դանդաղ, բայց աստիճանաբար լցվել ազգային կորուստների ընդհանուր ցավով ու հիշողությամբ, որոնք անպայման ճանապարհ կհարթեն միմյանց ՝ Եկեղեցու ու հոտի վերագտնման համար։
Նիկոլը տեսնում է, որ զանգվածային էկզորսիզմի սեանս է սկսվել, որը ժողովրդի միջից վտարում է փաշինյանական իշխանության հիմքը՝ դիվահարությունն ու խելագարությունը։ Եվ այդ էկզորսիստը Եկեղեցին է, որը գործում է սառնասրտորեն, իմաստուն, բայց վճռական: Եվ ամենակարևորն այն է, որ, մաքրագործելով զանգվածներին, նա ինքն էլ է մաքրագործվում իր առանձին ծառայողների եղծանելի ունայնությունից և մեղսավորությունից:
Անցած կիրակի Փաշինյանը ողորմելի էր առավել քան երբևէ իր իշխանության օրոք։ Ժողովուրդը Հովհաննավանք չգնաց նրա հետևից։ Քանզի «ժողջան»-ը հիմա գրեթե բացառապես տարոնչախոյանական ֆեյքերն են, որոնք չէին կարող նյութականանալ ահռելի ամբոխի և հաղթանակ պարգևել Նիկոլ-եկեղեցատյացին։
Փաշինյանը Հովհաննավանքից հեռացավ գլուխը կախ և խիստ չարացած։ Նա շատ լավ հասկանում է, որ տանուլ է տալիս իր իսկ նախաձեռնած խաղը։ Տանուլ է տալիս, որովհետև իր համար դա մարտ է իշխանության համար, մինչդեռ Եկեղեցու և նրան հավատարիմ հոտի համար՝ պայքար կյանքի և ապագայի համար։ Եվ նա տենչում է ռևանշ վերցնել, ինչի մասին է վկայում կարգալույծ Ստեփան Ասատրյանի հաջորդ կիրակնօրյա պատարագին մասնակցելու մասին իր հայտարարությունը։
Կասկածից վեր է, որ այս անգամ նա կջանա ավելի մեծ գլխաքանակ հավաքել, ավելի ճիշտ՝ Հովհաննավանք քշել մարդկանց մտրակով ու քաղցրաբլիթով, շանտաժով ու սպառնալիքներով։ Բայց գլոբալ առումով դա ոչինչ չի փոխի. նիկոլականությունը շունչը փչում է որպես երևույթ, ինչպես Հուստինիանոսի երբեմնի մոլեգնած ժանտախտը, ինչպես դիվահարի միջից վռնդվող չարքը։
Լեռը մուկ ծնեց, գրել էինք հոդվածի սկզբում: Վերջում վերաձևակերպենք. մուկը երբեք լեռ չի քանդի:
