Логотип

Լիլիթ Գալստյան․ Փաշինյանի ներկայացրած եկեղեցու «նորոգման» ճանապարհային քարտեզը, հաղորդում է հանցագործության մասին

Ընդամենը մի քանի տարի առաջ, անգամ խելագարության կանխավարկածով դժվար էր պատկերացնել, որ մի օր Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին այսպիսի հալածանքների կենթարկվի սեփական իշխանության կողմից, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը։

«Իսկ թե որքանով է իշխանությունը սեփական, դա էլ է հարց։ Իրականում այնքան էլ «սեփականի» մասին չէ խոսքը, որովհետև ավելի քան ակնհայտ է, որ թշնամական հալածանքները սկսվեցին Փաշազադեի հայտարարությունից անմիջապես հետո։ Այն բանից հետո, երբ Վեհափառը Ցյուրիխում խոսեց արցախահայության իրավունքների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության մասին», – ասաց Լիլիթ Գալստյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ներկայացրած Եկեղեցու «նորոգման» ճանապարհային քարտեզին։

Պատգամավորի գնահատմամբ՝ սա ակնհայտորեն թշնամու օրակարգ է, մեր միասնականության, ազգային ինստիտուտի քայքայման հանձնառություն՝ նաև սեփական աթոռը պահելու բացահայտ ճիգով։

«Խլացվում ու ոչնչացվում են ընդդիմանալու բոլոր հնարավոր դրսևորումները։ Երկրում խորացող բռնաճնշումների ընդհանուր խորապատկերում սա համեմատելի է միայն 37 թվի հետ։ Սա ողբերգություն, զավեշտ և խայտառակություն է միաժամանակ։ Վարչախումբը եկեղեցու «վերաշինության» ճանապարհային քարտեզ է մշակում այն դեպքում, երբ երկիր պահելու ճանապարհային քարտեզն աղետալիորեն տապալել է՝ անկարողությամբ, տեսլականների բացակայությամբ, թշնամական օրակարգեր սպասարկելու հանձնառությամբ», – ասաց Լիլիթ Գալստյանը։

Նա նշեց, թե Փաշինյանի ներկայացրած եկեղեցու «նորոգման» ճանապարհային քարտեզը, ըստ էության, հաղորդում է հանցագործության մասին։

«Սա երկրում սահմանադրական կարգը խաթարելու և եկեղեցին ուզուրպացնելու բացահայտ հանցավոր վարք է», – նշեց պատգամավորը։