Հոկտեմբերի 26-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ամերիկայի Հայ Դատի Արևմտյան հանձնախմբի 2025 թվականի գալա միջոցառումը։ Ավանդույթ դարձած միջոցառմանը հանձնախումբն ամփոփել է տարվա արդյունքները, տարբեր ոլորտի ներկայացուցիչներին էլ հանձնել է մրցանակներ հայկական հարցերում ցուցաբերած գործունեության համար։
Այս տարի ևս տարբեր անվանակարգերում մրցանակներ են ստացել հասարակական ու քաղաքական գործիչներ, իրավաբաններ, գործարարներ և այլք։
Միջոցառմանը ներկա էին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, կոնգրեսականներ, տեղական պաշտոնյաներ, համայնքի առաջնորդներ ու հայդատական ակտիվիստ երիտասարդներ։
«Մենք գոյաբանական վտանգների ու աշխարհաքաղաքական ճնշումների ենք ենթարկվում ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ուժերի կողմից։ Պետք է մնանք անսասան և միասնական այս կործանարար ուժերի դեմ։ Չնայած մենք բոլորս խաղաղություն ենք ցանկանում՝ բայց երբեք չպետք է սխալվենք։ Խաղաղությունը գալիս է ուժի միջոցով»,- հայտարարել է ANCA WR Խորհրդի անդամ Լենա Հովհաննիսյանը։
Alpha News
