Логотип

«Լուսավոր Հայաստանը» կմասնակցի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին։ «Լուսավոր Հայաստանի» հիմնադրման 10-ամյակին նվիրված համագումարի ժամանակ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կուսակիցներին առաջարկեց հենց այսօր սկսել ընտրություններին մասնակցելու նախապատրաստական աշխատանքները։ Համագումարի մասնակիցների մեծ մասը կողմ քվեարկեց առաջարկին։

Մարուքյանն իր ելույթում իշխանություններին հեռացնելու ճանապարհային քարտեզ ներկայացրեց ու բացառեց որևէ համագործակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

«Բոլոր իրար հարող ուժերը կարող են դաշինք ձևավորել` ծրագրային առումով որոշակի կոմպրոմիսների գնալով։ Մենք ուժ ենք, որը ձևավորել է Հայաստանում վերջին տարիների ամենահաջողակ դաշինքը։ Մենք գիտենք` դա ոնց է արվում, բայց բացառում ենք, որ գործող իշխանության հետ որևէ բան կանենք»,– ասաց նա։

Ճշտող հարցին` հնարավո՞ր է համագործակցություն «Հանրապետություն» կուսակցության հետ, Մարուքյանն արձագանքեց` բացառվում է նաև համագործակցություն այն ուժերի հետ, որոնք պաշտպանում են գործող իշխանությանը։

Sputnik Արմենիա