Логотип

Լուվրից գողացված թանկարժեք իրերի մի մասը փորձել են վաճառել ստվերային ցանցով

Լուվրից գողացված թանկարժեք իրերի մի մասը փորձել են դարքնետի (ստվերային ցանց) միջոցով վաճառել իսրայելական «CGI Group» ընկերությանը: Տեղեկությունը հայտնում է «Bild»-ը՝ հղում անելով ընկերության ղեկավար Ցվիկ Նավեին:

Նավեի խոսքով՝ ընկերությանը ներգրավել են կողոպտիչներին և գողացված զարդերը գտնելու համար։ Կողոպուտից հինգ օր անց հանցագործների ներկայացուցիչը նրանց առաջարկել է թանկարժեք իրերը գնելու մասին խոսել դարքնետում:

CGI-ն համաձայնել է և կարողացել է պարզել, որ գողոնի առնվազն մի մասը գտնվում է հանցագործների ներկայացուցիչ ներկայացած անձի մոտ:

«Մենք այդ մասին անմիջապես հայտնեցինք Ֆրանսիայի համապատասխան մարմիններին։ Ցավոք, բյուրոկրատական քաշքշուկները խանգարեցին, որ արվեստի գործերի գոնե մի մասը վերադարձվի»,- ասել է նա։

Ավելի վաղ «The Wall Street Journal»-ը գրել էր, որ Լուվրի կողոպտիչները մի քանի սխալ են թույլ տվել, ինչը իրավապահներին թույլ է տվել գտնել ենթադրյալ երեք հանցագործների հետքը։

Հիշեցնենք ` չորս հոգուց բաղկացած խումբը հոկտեմբերի 19-ին Լուվրից գողացել է Նապոլեոն 3-րդի և նրա կնոջ՝ կայսրուհի Եվգենիի հավաքածուից 9 զարդ: Կողոպուտի հետևանքով հասցված վնասը գնահատվում է 88 մլն եվրո։

Sputnik Արմենիա