Մի շարք լրատվական կազմակերպություններ իրավապահ մարմիններից պահանջում են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործի քննությունն իրականացնել համակողմանի և օբյեկտիվ՝ պարբերաբար տեղեկացնելով հասարակությանը դրա ընթացքի և արդյունքների մասին: Այս մասին լրագրողական կազմակերպությունները տարածել են հայտարարություն:
Նրանք կոչ են արել վիրավորանքների և հայհոյախոսության համար անձանց պատասխանատվության ենթարկելիս զերծ մնալ ընտրողական մոտեցումից։
«Պահանջում ենք նիշխանություններից, քաղաքական բոլոր ուժերից, այդ թվում՝ դրանց հետ ասոցացվող լրատվամիջոցներից, հանրային խոսքում զերծ մնալ պարկեշտության սահմանները հատող բառապաշարից և հայհոյախոսությունից, հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաները քննարկելիս դրսևորել առավել հանդուրժողականություն և զսպվածություն»,- ասված է հայտարարությունում:
Լրագրողական կազմակերպություններն անթույլատրելի են համարում նաև իշխանությունների կողմից անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը, որն արտահայտվել է ԱԱԾ-ի ներգրավմամբ ցուցադրական գործողություններով, բուն խնդրի հետ ուղիղ կապ չունեցող՝ «Անտիֆեյքի» այլ աշխատակիցների ձերբակալմամբ և խմբագրության ողջ տեխնիկայի առգրավմամբ, ինչը հանգեցրել է ընդդիմադիր հարթակի գործունեության խաթարման։
«Այս գործողությունները դատապարտելի են և հարիր չեն ժողովրդավարությանը ձգտող պետությանը»,- ասված է հայտարարությունում:
Նրանք նշել են, որ սկզբունքորեն անընդունելի և դատապարտելի են համարում հայհոյախոսությունն ու վիրավորանքը հանրային տիրույթում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։
Sputnik Արմենիա
