Hetq.am-ի լրագրողը պարզել է, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի անզգույշ գործողության արդյունքում ինքն անսպասելիորեն հայտնվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան փակ խմբում։
Լրագրողները հասցրել են ուսումնասիրել խմբի հրապարակումները, որտեղ 850-ից ավելի անդամներ էին՝ վարչապետ Փաշինյանը, նախարարներ, պատգամավորներ և կուսակցության այլ ներկայացուցիչներ։ Խմբում քննարկվում էին կուսակցական գործունեության, անդամավճարների, պետական համակարգում աշխատանքի հայտարարությունների և քարոզչական նյութերի տարածման հարցեր։
Լրագրողը նկատել է նաև 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին առնչվող ներքին հաղորդագրություններ։ Փակ խմբում վարչապետ Փաշինյանը կոչ էր արել ապահովել ՔՊ-ի հանրահավաքի բազմամարդությունը՝ խուսափելով վարչական ռեսուրսի օգտագործումից։ Սակայն գրառման մեկնաբանություններում մի շարք մարզային պաշտոնյաներ հայտնում էին, թե պատրաստվում են բերել տասնյակ մարդկանց տարբեր համայնքներից՝ Գավառից, Նոյեմբերյանից և Կոտայքից։
News.am