Խորհրդարանական գալիք ընտրություններում «Հայաստան» դաշինքը չի միավորվի Հայաստանի հանրապետական կուսակցության հետ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հավանակա՞ն է համարում ՀՀԿ-ի հետ միավորվելը։
«Ո՛չ։ Դրա իմաստն ու նպատակը չկա»,- ասաց նա։
Հավելեց՝ թեպետ նպատակը մեկն է՝ հեռացնել գործող իշխանություններին, բայց դա չի նշանակում, թե բոլորը պետք է միավորվեն մեկ միասնական նախընտրական ցուցակում։
«Միավորվել պետք է, մեծ բլոկներ է պետք կազմել, ավելի փոքր, քիչ վարկանիշ ունեցող կուսակցությունները համար սխալ կլինի առանձին մասնակցելը, ավելի ճիշտ կլինի միավորվելը»,- ասաց նա։
Քոչարյանը նշեց, որ լավ է վերաբերում գալիք ընտրություններում բոլոր այն ուժերի մասնակցությանը, որոնք իսկապես պայքարում են այս իշխանությունների դեմ, ու կա այն համոզմունքը, որ դրանք որևէ կերպ չեն միանալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
«Քանի որ գլխավոր նպատակն այս իշխանությունների չվերընտրվելն է, կարծում եմ՝ հնարավոր է՝ այստեղ ճիշտ լուծումներ գտնել և իրար չխանգարել»,- ասաց Քոչարյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի առաջնորդած «Նոր ձևով» շարժմանը։
Ինչ ձևաչափով են իրենք մասնակցելու ընտրություններին՝ Լևոն Քոչարյանը նշեց՝ առաջիկա ամիսներին կհայտնեն, առայժմ վերջնական որոշում չկա։
Լևոն Քոչարյանը նաև շեշտեց, որ գործող իշխանությունները հետևողականորեն տանում են հայկականության ոչնչացման, որի առանցքը եկեղեցին է։ Նրա խոսքով՝ իրենց այս տարիների պայքարի նպատակն է այս ճշմարտությունը հասցնել հանրության այն հատվածին, որը շարունակում է դեռ ինչ-որ հույս կապել գործող իշխանությունների հետ։
Sputnik Արմենիա