Ամեն անգամ, երբ հերթական վերջնագրին հաջորդում է հայկական կողմի լռությունը կամ հերթական զիջումը, Բաքուն ստանում է միանշանակ ազդանշան. Ճնշումը գործում է։ Վերջին տարիներին դա ակներև է դարձել. Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը կառուցված է հետևողական պարտադրանքի տրամաբանությամբ։ Խոսքը համակարգային ռազմավարության մասին է, որում յուրաքանչյուր նոր պայման դառնում է լոկ դեպի հաջորդը տանող աստիճան։
ԱՅՍՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԲԱՑԱՀԱՅՏ ԳՐՈՒՄ ԵՆ, ԹԵ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՅՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒՄԸ ՔԻՉ Է»։ Որպես հաջորդ նպատակ նշվում է 2023 թվականի նոյեմբերին ընդունված «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունը»։ Պահանջները ձևակերպվում են բացահայտորեն. Հայաստանը, Բաքվի կարծիքով, պարտավոր է վերանայել ոչ միայն պետության իրավական հիմքերը, այլև սեփական պատմական և մշակութային ինքնությունը։
«Հատուկ ուշադրություն է գրավում Ռազմավարության մեջ օգտագործված տերմինաբանությունը»,- նշում է ադրբեջանական պարբերականը՝ վրդովվելով «Ադրբեջանի պատերազմը Ղարաբաղի դեմ», «ագրեսոր», «մշակութային ցեղասպանություն» ձևակերպումների կիրառումից: Այդ սահմանումներն անթույլատրելի են հայտարարվում 2022 թվականի Պրահայի գագաթնաժողովից հետո, քանի որ, ըստ նրանց, Հայաստանը դրանով «հրաժարվում է հաշվի առնել իրավական նոր իրականությունը» և պետք է «վերաիմաստավորի սեփական դերը», ներառյալ «ադրբեջանական տարածքների բազմամյա բռնազավթման փաստը»։
Ապա՝ ավելին: Հարցականի տակ է դրվում Ղարաբաղում հազարամյա ներկայության մասին խոսելու հայերի իրավունքը։ «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության» էթնոքաղաքական բաղադրիչը հայտարարվում է բախումնային, իսկ «պատմական նարատիվները»՝ վտանգավոր։ Հրապարակման հնչերանգը դառնում է գնալով ավելի ագրեսիվ ու լկտի:
Տրամաբանությունը պարզ է. այն բանից հետո, երբ Պրահայում Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի տարածքի մաս, Բաքուն ոչ միայն չնվազեցրեց ճնշման աստիճանը, այլև հետևողականորեն ընդարձակեց դրա ուղղությունները: 2023 թվականի սեպտեմբերի ռազմական ագրեսիան, որը հանգեցրեց Արցախի իսպառ հայաթափությանը, ուղեկցվում էր զուգահեռ քաղաքական-գաղափարական գրոհով՝ արդեն պետական ինստիտուտների մակարդակով։
Այդ քաղաքականության առանցքային տարրը դարձավ Հայաստանին ուղղված մեղադրանքը «խաղաղության օրակարգին չհամապատասխանելու» մեջ։ Ցանկացած ձևակերպում, որը չի համընկնում Բաքվի պաշտոնական նարատիվի հետ, ինքնաբերաբար հայտարարվում է խաղաղության համաձայնագրի ոգու խախտում։ «Ագրեսիա», «մշակութային ցեղասպանություն» եզրույթները, Արցախում հայկական պատմական ներկայության բուն հիշատակումն անհամատեղելի են համարվում խաղաղության հետ, այն դեպքում, երբ Ադրբեջանն ինքը նույն այդ ժամանակ առաջ է մղում շատ ավելի արմատական հայեցակարգեր։
Խոսքը զուգահեռ իրականության ձևավորման մասին է։ Հայաստանից պահանջում են վերանայել ոչ միայն արտաքին քաղաքականությունը, այլև հիշողությունը, լեզուն, մշակութային ինքնությունը։ Ընդ որում Բաքվի սեփական ռևիզիոնիստական գործողությունները ջանադրաբար դուրս են բերվում քննարկման շրջանակներից։
Առավել ցուցանշական օրինակը «Արևմտյան Ադրբեջանի» հետևողականորեն ինստիտուտայնացվող հայեցակարգն է։ Այդ տերմինի տակ պաշտոնական փաստաթղթերում, խորհրդարանական հայտարարություններում և միջազգային արշավներում նկատի է առնվում, հիշեցնեմ, ներկայիս Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը։ Ադրբեջանի խորհրդարանում համապատասխան փաստաթղթերի ընդունումը, հատուկ աշխատանքային խմբերի ստեղծումը, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերաձևաչափումը, ինչպես նաև արտահոսքերը, որոնք բացահայտում են այդ արշավի անմիջական համակարգումն Ալիևի ռեժիմի կողմից, վկայում են քաղաքականության կենտրոնացված և երկարաժամկետ բնույթի մասին: Դա չտեսնել կարելի է միայն դիտավորյալ:
2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՐՆԵԳԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏ ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼԸ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը պարզ անվանեց իռեդենտիստական։ Նույն թվականի սեպտեմբերին նա զգուշացնում էր, որ նախքան բանակցությունների մեկնարկը Ղարաբաղում հայկական կառույցների լուծարման Բաքվի պահանջները կապիտուլյացիայի կոչ են և նոր արյունահեղության վտանգ են ստեղծում։ Բոլոր այդ իրադարձությունները տեղի են ունեցել արդեն Պրահայից հետո, և սա սկզբունքային հանգամանք է։
Ոչ պակաս ցուցանշական է նաև Իլհամ Ալիևի հռետորաբանությունը։ Հայաստանի մասին հրապարակային հայտարարությունները՝ իբրև «ֆաշիստական պետության», «արմատապես ջնջելու» սպառնալիքները և լրացուցիչ պահանջների ընդունման հետ խաղաղության պայմանագրի կապակցումը շատ հեռու են դիվանագիտական լեզվի սահմաններից։ Այդտեղ չկա փոխզիջման պատրաստակամության չնչին իսկ նշույլ. Դա միմիայն Հայաստանին խաղաղության կապիտուլյացիոն մոդել պարտադրելու փորձ է։
Այսօր «հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը» ոչ թե կարգավորման ճանապարհ է, այլ միակողմանի պահանջների անվերջանալի շղթա։ Սա խաղաղություն չէ, այլ Հայաստանին ինքնիշխանությունից աստիճանաբար զրկելու մեխանիզմ, նոր հիերարխիա ամրագրելու փորձ, որտեղ մի կողմը թելադրում է ոչ միայն քաղաքական պայմաններ, այլև մյուսի ինքնության թույլատրելի շրջանակներ:
Բա՛վ է ձևացնել, թե խոսքը «բարդ խաղաղ գործընթացի» մասին է։ Իրականում մենք ականատես ենք պարտադրանքի հետևողական ռազմավարության, որտեղ «խաղաղություն» բառն օգտագործվում է որպես ճնշման, տարածքային պահանջների և քաղաքական շանտաժի ցուցանակ:
Այսօր Հայաստանից պահանջում են ոչ թե պարզապես համաձայնագիր ստորագրել, այլև վերաշարադրել ինքն իրեն։ Սահմանադրությունը, պետական ռազմավարությունները, մշակութային քաղաքականությունը, տերմինաբանությունը, պատմական հիշողությունը. ամեն ինչ վերածվել է «խաղաղասիրության ստուգման» օբյեկտի։ Բաքվի հավանությանը չարժանացած ցանկացած ձևակերպում հայտարարվում է սպառնալիք տարածաշրջանային կայունությանը։
Սա գլխիվայր շրջած տրամաբանություն է. Արցախը 10-ամսյա շրջափակման մեջ պահած, «Պրահայից հետո» Արցախի վրա կրկին հարձակված, տարածաշրջանի ուժային զտում իրականացրած և բնակչության զանգվածային արտագաղթի հասած երկիրը իրեն ներկայացնում է իբրև խաղաղության իրավարար, իսկ զոհին՝ բախման աղբյուր։
Իրավիճակի առանձնահատուկ ցինիզմն այն է, որ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «մշակույթը քաղաքականացնելու» մեջ՝ միաժամանակ վերածելով պատմությունն ու ժառանգությունը գերակշռության գործիքի։ Արցախում հայկական ներկայության ժխտումից մինչև անհեթեթ նկրտումներ հնագույն հուշարձանների նկատմամբ. ամեն ինչ ծառայեցված է մեկ նպատակի՝ ջնջել մյուսի լեգիտիմությունը և ամրագրել կանոններ թելադրելու իրավունքը:
Խոսքը բնավ անցյալի մասին չէ և ոչ էլ տերմինների։ Խոսքը Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության ապագայի մասին է։ Երբ երկրից պահանջում են փոխել Սահմանադրությունը, հրաժարվել սեփական պատմական հիշողությունից և անվտանգության պատրանքի դիմաց ճանաչել ուրիշի տարածքային նկրտումները, դա ոչ թե խաղաղ գործընթաց է, այլ պետականության փուլային կազմաքանդում։
