Խաղաղություն այս տարածաշրջանում հնարավոր է միայն հայկական գործոնի հաղթանակով և հայկական մշակույթի հիման վրա ձևավորվող քաղաքակրթության զանգվածային տարածմամբ։
Սա ֆանտաստիկա կամ երևակայություն չէ։
Սա մաքուր գիտություն է՝ միահյուսված մաթեմատիկական, պատմական, հոգեբանական, մշակութաբանական և փիլիսոփայական մտասևեռումներով։
Կոլեկտիվ գիտակցության այն հազարամյակների հակասական ճանապարհը, որ անցել է հայ ազգը, բացառիկ է կուտակված կենսափորձի և մշակութային շերտերի ժառանգության իմաստով։
Դա է ծնում է նրա առաքելությունը։
Ազգերը չեն կործանվում արտաքին մարտահրավերների ուժգնությունից։
Ազգերը տարրալուծվում ու անհետանում են, երբ հեռանում են իրենց առաքելությունից, կյանքի իմաստավորման իրենց փայ կոչումից՝ դառնալով հանուն ապրելու գոյատևող նյութապաշտ մարդկանց մի խումբ, որ մի տուն, մի գլուխ պահելու համար պատրաստ է մաշկափոխվել և արդարացնել իր անարժանապատվությունը …
Հայերս այն բացառիկ ազգերից ենք, որ կարողացել ենք այս մոլորակի վրա՝ որպես կոլեկտիվ գիտակցության կրողներ, ապրել և հավաքել բոլոր քաղաքակրթությունների կենսափորձերը, շաղախել դրանք մեզանում, հունցել մի ուրույն կենսիմաստ։
Բայց դեռ չենք կարողանում գիտակցել դա, որովհետև չենք համարձակվում հասունանալ և ստանձնել որոշումներ կայացնելու ու դրանց հետևանքները կրելու պատասխանատվությունը …
Եթե դա անենք, կգիտակցենք նաև, որ ժամանակի ոգին մեզնից պահանջում է հիմա, հենց այս պահին ձուլվել այն համոզմունքին, որ չի կարող Ղարաբաղը չդառնալ հայկական Արցախ, չի կարող Արդրբեջանը՝ որպես միասնական պետականություն, գոյություն ունենալ, չի կարող Արարատը չվերադառնալ տուն (շարունակելի), չի կարող հայկական պետականությունը չլինել զորեղ, և մենք չենք կարող չապրել այդ նպատակով։
Չի կարող մարդկության գիտակցության շարունակական զարգացմամբ արտահայտվող համընդհանուր բանականությունը չհարստանալ հայկական քաղաքակրթական ներդրումով, որին արդեն ինչքա՜ն ժամանակ է՝ սպասում է։
Իսկ դրա ֆունդամենտը չի կարող հենված չլինել առաջադեմ և մրցունակ հայկական պետականության վրա՝ իր կենսական տարածքով, արդյունավետ պետական իշխանության և լուսավորյալ հանրությամբ …
Ի վերջո, տեխնոլոգիաների աճի և բարոյականության անկման փախչող բևեռների այս աշխարհում արևելքից ծնվող մի նոր լույսն է, որ կամրջելու է մարդկանց՝ բացելով նոր հորիզոններ ու նոր իմաստ …
Տարոն ՍԻՄՈՆՅԱՆ, միջազգային իրավունքի մասնագետ
