Բոլոր պետական, ուժային, իրավապահ բոլոր կառույցները մինչև վերջին աշխատակիցը զբաղված են ընտրական պրոցեսներով, զբաղված են Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությամբ։ Այս մասին այսօր՝ մարտի 10–ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Արտաքին նհետախուզության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։
«Սա այն նույն Արտաքին հետախուզական ծառայությունն է, որը 2026–ի իր զեկույցում կանխատեսել էր, որ Իրանում իրավիճակի վատթարացումը իր բացասական ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա, իսկ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը «պեռաշկի կուկուռուզ» փարթին էր անում ավտոբուսի մեջ։
Այդ ծառայությունը նշել է, որ Իրանում անկայունությունների աճն էլ ավելի կընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը։ Դուք տեղյա՞կ եք որևէ միջոցառում նախաձեռնե՞լ է իշխանությունը Իրանում ընթացող պատերազմի ֆոնին Հայաստանում գործողությունների մասով»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ դեռ մեկ տարի առաջ իրենք միջգերատեսչական խումբ էին ստեղծել այդ հարցով, Խամոյանն արձագանքեց. «Փաշինյանը նաև ասում է, որ քանի որ ինքը պեռաշկի էր ուտում ավտոբուսի մեջ, Դուբայի շեյխերը մտածեցին՝ էս ինչ լավ բան է, լավագույն քարոզչական միջոցն է, ցույց տալու համար ժողովրդին, որ ամեն ինչ լավ է ու հանգիստ եղեք, դրա համար գնացին Դուբայի մոլում կոֆե խմեցին։
Ես չգիտեմ՝ ինքը մեկ տարի առաջ ինչ է արել, ինչ են պլանավորել, բայց հիմա կոնկրետ իրադարձություններ են տեղի ունենում, և ես չգիտեմ այս պատերազմը, և որևէ մեկը չգիտի այս պատերազմը որքան կարող է ձգվել, ինչ հետևանքներ կարող է ունենալ, չգիտեմ ինչի կարող է հանգեցնել՝ համակարգի փոփոխության Իրանում, երկրի մասնատման, ամենատարբեր զարգացումները կարող են լինել։ Հայաստանը պատրա՞ ստ է այդքան մարդ ընդունելուն, առհասարակ ի՞նչ քայլեր են իրականացվել այդ մասով։ Որևէ իրազեկում տեղի ունեցե՞լ է Հայաստանի քաղաքացիներին, բացի այն, որ կես րոպեանոց ռիլեր է գցում Անվտանգության խորհրդի նիստերից, որտեղ բարև ձեզ նստեք և վերջ»։
Ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Արտաքին հետախուզության ծառայության այս հայտարարությունը թիվ մեկ հարցն է դառնալու ՔՊ–ի քարոզիչների համար՝ ի տարբերություն Իրանի պատերազմի հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցի. «Բայց ես նաև ուզում եմ հույս ունենալ, որ Քրիստինե Գրիգորյանը սրանով ուզում է պարզապես Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը գրավի դեպի իր կառույց և այն զեկույցներ, որոնք ինքը պատրաստել է։ Ես ուզում եմ այդպես մտածել, հույս ունենալ, որ ընդամենը սա ուշադրություն գրավելու միջոց է, բայց ակնհայտ է նաև, որ այս իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին բացառապես մի բան է հետաքրքրում՝ իշխանության վերարտադրությունը, և բոլոր քայլերն ու գործողությունները ելնում են դրանից»։
