Ռուսաստանը ներկայումս Հայաստանին վերաբերվում է որպես գործընկերոջ, այլ ոչ թե «կրտսեր եղբոր», RTVI-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Այս պահին Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլորովին այլ են՝ գործընկերային։ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ոչ թե ավագ-կրտսեր եղբոր վերաբերմունք է, այլ պարզապես իրական գործընկերային հարաբերություն, ինչին փորձել ենք հասնել վերջին չորս տարիների ընթացքում»,- նրա խոսքերն է մեջբերում հրատարակությունը։
Խաչատուրյանի խոսքով՝ Երևանը ցանկանում է, որ «ռուս գործընկերները հաշվի առնեն Հայաստանի իշխանությունների անկախ որոշումները»։ Ընդունելով, որ Հայաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից, նա կարծիք է հայտնել, որ այն «նույնպես տնտեսապես կախված է» հանրապետությունից։
Խաչատուրյանը նաև մեկնաբանել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը, ով նախկինում հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։
«Օվերչուկին պետք է հարցնել, թե սա ի՞նչ է նշանակում։ Ամեն դեպքում, հիմա ոչ ոք մեզ չի ասում, և մենք ոչինչ չենք խախտում։ Եվրասիական տնտեսական համայնքի հետ կան պայմանավորվածություններ, մենք այդ ուղղությամբ ենք աշխատում»,- ասել է Խաչատուրյանը՝ վստահեցնելով, որ «մինչ օրս որևէ խնդիր չի ստեղծվել»։
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրերի մասով նախագահը պատասխանել է հարցին, թե արդյոք հավատո՞ւմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն խոսքերին, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի խախտվի։ Խաչատուրյանն ասել է՝ «իհարկե»։
«Վաշինգտոնում ձեռք բերեցինք ամենակարևորը՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին խաղաղ ապրել։ Եվ հատկապես այդքան բարձր մակարդակով. երկրների առաջնորդներն ասել են, որ իսկապես պատրաստ են և ամեն ինչ կանեն, որպեսզի խաղաղ ապրեն»,- Խաչատուրյանի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։
Նախագահը նաև բացասական պատասխան է տվել այն հարցին, թե հնարավո՞ր է պատերազմ Հարավային Կովկասում։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
Armenia Today