Логотип

Խարդախության համար ձերբակալվել է ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Մոգերինին

ԵՄ դիվանագիտական ծառայության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ձերբակալվել է դիվանագետների ուսուցման ծրագրի ֆինանսավորման հետ կապված խարդախության գործով։ Այս մասին գրում է «Soir» թերթը:

Իր հերթին, «Echo» թերթը հայտնում է ԵՄ դիվանագիտական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի ձերբակալության մասին:

Այսօր առավոտյան Բրյուսելում Եվրամիության դիվանագիտական ծառայության կենտրոնակայանում և Բրյուգեի քոլեջում խուզարկություններ են անցկացվել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Եվրոպական դատախազությունը հայտարարել է 3 մարդու ձերբակալության մասին: Ստուգումները սկսվել են դիվանագիտական ծառայության և քոլեջի աշխատակիցների կողմից 2021-2022 թվականներին գումարի ապօրինի օգտագործման մասին հաղորդումներից հետո: Ուշադրություն է գրավել 3,2 մլն եվրո արժողությամբ շենքի՝ ԵՄ դիվանագիտական ակադեմիայի ուսանողների կեցավայրի գնումը։

Քննիչները կասկածում են, որ ուսումնական հաստատությունը և նրա ներկայացուցիչները գաղտնի տեղեկատվության հասանելիություն են ստացել, ինչը թույլ չի տվել արդար մրցակցություն ապահովել:

Մեկնաբանելով Մոգերինիի ձերբակալությունը՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ում նախընտրում են չնկատել իրենց խնդիրները՝ միաժամանակ մշտապես խրատելով բոլորին։ Նա նշել է, որ կոռուպցիոն խողովակներով ԵՄ-ից ամեն օր միլիոնավոր եվրոներ են ուղղվում Կիև, իսկ այնտեղից՝ մասնավոր գրպաններ: Նրա խոսքով՝ ցանկացած միջազգային խնդիր Բրյուսելի համար «ձեռքերը տաքացնելու»՝ իրավիճակից օգտվելու առիթ է՝ սկսած COVID-19 համավարակից մինչև Ուկրաինա։

Sputnik Արմենիա