Տարածաշրջանը փորձում է հավասարակշռություն պահպանել աղետալի մեծ պատերազմի եզրին, իսկ մեր իշխանությունը զվարճանում է սոցցանցերում՝ կազմակերպելով փաշինյանական սրտիկով ֆլեշմոբեր։ Իրանին սահմանակից պետությունների ղեկավարներն Անվտանգության խորհրդի նիստեր են անցկացնում, ստուգում արձագանքման ծառայությունները, ամրացնում սահմանները, իսկ մեր նորահայտ «ռոք երաժիշտը» պատրաստվում է իր առաջին «դիսկոտեկ համերգին»՝ թմբուկի փայտիկներով կատաղի զարկելով մեր ուղեղներին։
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, Ի՞ՆՉ Է ՆԱ ԱՆԵԼՈՒ, ԵԹԵ Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԻՐ ՏԱՐԱԾՔԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐԻ՝ Իրանը հրթիռակոծի մեր Սյունիքը, նախապես հայտարարելով, որ այդ կերպ պատժում է եվրոպական լրտեսներին. հենց նրանց, որոնց Փաշինյանը հարյուրներով թույլ տվեց գնալ Իրանի սահման՝ իբր ադրբեջանական սպառնալիքը զսպելու նպատակով։
Պատասխանը շատ պարզ է. մեր վայ-առաջնորդը վայրկենապես կծվարի բունկերում, որտեղից ուղերձներ կհղի Թրամփին, Մակրոնին, Ռյուտեին՝ լացակումած աղաչելով պաշտպանել Հայաստանը իրանական արհավիրքից։
Դե, իսկ եթե հանկարծ ամերիկա-իսրայելական հարձակման աղմուկի տակ և Իրանի ադրբեջանցի բնակչությանը ԻՀՊԿ-ից պաշտպանելու պատրվակով Թուրքիան ու Ադրբեջանը բռնակցե՞ն Սյունիքը։ Հայտնի բան է. վայ-առաջնորդը կրկին ուղերձ կհղի բունկերից, բայց այս անգամ՝… հայ ժողովրդին: Սկզբում նա ժպիտով ցույց կտա իր ֆիրմային սրտիկը, իսկ հետո ամենայն լրջությամբ կհայտարարի, թե թուրք-ադրբեջանական ներթափանցումը Սյունիք Հայաստանին ձեռնտու քայլ է։
Իբր, եթե չլինեին թուրք-ադրբեջանցիները, ապա իրանցի միլիոնավոր փախստականներ կլցվեին հայկական տարածք ու կհեղեղվեին ամբողջ երկիրը՝ քաոս ու խուճապ ստեղծելով և արագ սպառելով պարենային բոլոր ռեսուրսները։
Սա փորձված և գործուն մեթոդ է՝ վախեցնել իր հիմարացրած, զոմբիացրած ընտրազանգվածին սովամահության հեռանկարով։ Փաշինյանի նվիրյալները զարհուրում են միայն ստամոքսի դատարկությունից, իսկ տարածքների, ինքնիշխանության և պետականության կորստի մասին խոսակցությունները նրանց համար դատարկ հնչյուն են։
Բայց հասարակության խելամիտ հատվածին էլ համենայնդեպս հանգստացնելու համար՝ վայ-առաջնորդը բունկերային ճառի վերջում կհավելի, թե իբր՝ թուրքերն ու ադրբեջանցիները երդվել են իրեն, որ կհեռնան Սյունիքից, հենց որ իրավիճակն Իրանում կայունանա։ Հենց կայունանա, նույն վայրկյանին կհեռանան։
Եվ եթե ընդդիմությունից որևէ մեկը հանկարծ ի պատասխան կարծիք հայտնի, թե Իրանում իրավիճակը չի կայունանա առաջիկա 100 տարիներին, և հետևաբար՝ թուրք-ադրբեջանցիները մի ամբողջ դար նստելու են Սյունիքում, Նիկոլը նորից բունկերից կենդանի եթեր դուրս կգա՝ այս անգամ կոկորդ պատռելով հիստերիկ նոպայի մեջ։ Իբր՝ բոլոր նրանք, ովքեր այդպես են մտածում, լրտեսներ են, գործակալներ և ԿԳԲ-ին ծառայող հինգերորդ շարասյուն, որի միակ բանուգործը մեր երկրի ինքնիշխանության կործանումն է հիբրիդային պատերազմով։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կերակրում են ժողովրդին թուրք-ադրբեջանական սպառնալիքի մասին հեքիաթներով, գլուխները պատով են տալիս։
Կասեք՝ ֆանտազիա է, չափազանց հարուստ երևակայության արգասի՞ք։ Ամենևի՛ն։ Ամենայն հավանականությամբ՝ այդպես էլ լինելու է։ Թերևս միայն մանրամասների որոշակի տարբերությամբ, ինչպես ինքը՝ վայ-առաջնորդն է սիրում ասել. «պլյուս-մինուս»։
Այս ամենը իրականում սարսափելի է: Խոսքը ոչ այնքան տարածաշրջանային մոտալուտ պատերազմի և Հայաստանի համար դրա աղետալի հետևանքների մասին է, այլ մեր պետությունում իշխանության խելագարության խրախճանքի մասշտաբների՝ հասարակության անհաղորդության ժանտախտի ժամանակ։
Մենք բարոյապես դատարկվել ենք, հոգեպես քայքայվել, մտավոր սնանկ ենք, եթե արդեն ութ տարի շարունակ շարժվում ենք ստահակների հանցախմբի և նրանց մի բուռ դատարկագլուխ երկրպագուների թելադրանքով, և այլևս ի վիճակի չենք հասկանալ, թե ուր է հասցրել մեզ հիպնոսի սեանսը, վերածելով խոնարհ հնազանդյալների։
Մինչև ե՞րբ։ Չէ՞ որ վաղը մենք կարող ենք այլևս չլինել…
