Հայկական ճարտարապետական ժառանգությունն ուսումնասիրող, անվանի հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ապրել է կարճ, բայց առաքելություններով լի կյանք։ Ի վերուստ իրեն հատկացրած ժամանակի երկու երրորդը նա նվիրել է պատմական Հայաստանում և այլ երկրների խոշոր հայկական համայնքներում մեր ազգի պատմամշակութային հուշարձանների որոնման, հայտնաբերման ու հետազոտման գործին և կատարել է հսկայական աշխատանք, որը չէր կարող իրականացնել անգամ մի ամբողջ գերատեսչություն։

ՄՈՏ 40 ՏԱՐԻ ՆԱ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՕՐՐԱՆԻ ՏԱՐԲԵՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐՈՎ՝ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՐՑԱԽ, ՆԱԽԻՋԵՎԱՆ, ինչպես նաև Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի և այլ հայաբնակ վայրերով։ Նա հայտնաբերել է կիսավեր, ոչնչացող հայկական եկեղեցիներ, վանքեր, ամրոցներ, կամուրջներ, տապանաքարեր և այլ պատմամշակութային հուշարձաններ, լուսանկարել, չափել և նկարագրել է Հայաստանից դուրս գտնվող հայկական ճարտարապետության նմուշները՝ գոնե թղթի վրա փրկելու նպատակով։ Նրա հետազոտական աշխատանքը տեղ գտավ թե իր կենդանության օրոք լույս տեսած և թե մահից հետո հրատարակված գրքերում, այլ հրատարակություններում։
Օրերս հանրությանը ներկայացվեց Սամվել Կարապետյանի հերթական աշխատությունը՝ «Խոջիվանք» գիրքը։ Այն նվիրված է Թբիլիսիի հայկական ամենահին և ընդարձակ՝ ներկայումս ամբողջությամբ ոչնչացված գերեզմանատանը։ Շնորհանդեսը տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի թանգարանում, որը վերանորոգման պատճառով ժամանակավորապես տեղակայված է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում։ Գիրքը 2019 թ․՝ Սամվել Կարապետյանի կենդանության օրոք հրատարակվել էր անգլերեն լեզվով և ահա վերջապես ընթերցողի սեղանին դրվեց դրա լրամշակված և նոր նյութերով հագեցած հայերեն տարբերակը:

«Խոջիվանք» աշխատությունը հրատարակվել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒՀ) կողմից։ Գրքի գիտական ղեկավարն է Ս․ Կարապետյանի կինը՝ ՀՃՈՒՀ-ի տնօրեն Էմմա Աբրահամյանը։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի մշակույթի գործիչներ և ճարտարապետներ, հայկական պատմամշակութային ժառանգությամբ հետաքրքրվող անձինք, Հիմնադրամի ներկայացուցիչներ և հրավիրված հյուրեր:
Ինչպես նշեց ՀՃՈՒՀ-ի փոխտնօրեն Ռաֆֆի Քորթոշյանը, այս աշխատությամբ Սամվել Կարապետյանը փորձել է ի մի բերել հնավայրի պատմությանն առնչվող, գիտական շրջանակներին հայտնի և անհայտ, կցկտուր և ամբողջական տվյալներն, ինչպես նաև առկա տեղեկությունների հիման վրա ժամանակագրական դասակարգմամբ ստեղծել գերեզմանոցում ամփոփված հանգուցյալների հնարավորինս ընդգրկուն ցանկը և դրանց հիման վրա ներկայացնել երբեմնի հռչակավոր հնավայրի պատմությունը:
«Սամվել Կարապետյանը որևէ մի բնակավայրի պատմությունն ուսումնասիրելիս առաջին հերթին կարևորում էր տվյալ բնակավայրի գերեզմանոցների հետազոտությունը: Հետևաբար Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի պատմության վրա խոշոր հայ համայնքի թողած ազդեցությունն ուսումնասիրելիս նրա համար կարևոր էր նաև քաղաքի հին հայկական գերեզմանոցների դաշտային հետազոտությունը, – բացատրեց Րաֆֆի Քորթոշյանը: – Ցավոք, Թբիլիսիի հայկական հին գերեզմանոցների մեծ մասը արդեն ոչնչացվել էր Վրաստանում Ցարական Ռուսաստանի տիրապետության սկզբներին, իսկ Խոջիվանքի գերեզմանատունը՝ 1930-ական թթ., Վրացական ԽՍՀ տարիներին»:
Խոջիվանքի հայկական գերեզմանատանը 19 դարի վերջին առկա էր 90 000-ից ավելի թաղումներ, այդ թվում անվանի հայերի գերեզմաններ, նաև կանգուն էր Ծիրանավոր Սբ․Աստվածածին եկեղեցին։ 1935 թվ․ դրությամբ այնտեղ եղել է առնվազն 170․000-180․000 գերեզման։ Սակայն երկու տարի անց՝ 1937 թվ․ եկեղեցին և գերեզմանատան մեծ հատվածը արդեն ավերված էին։ Ոչնչացման աշխատանքները շարունակվեցին 1995-2002 թթ․, երբ այստեղ կառուցվում էր Թբիլիսիի Սբ․Երրորդության մայր տաճարը։

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՍԿՍԱԾ 1990-ԱԿԱՆ ԹԹ․ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ ՍԿՍՈՒՄ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ այն բոլոր նյութերը, որոնցով հնարավոր կլիներ կազմել Խոջիվանքի գերեզմանոցում ամփոփված հանգուցյալների ցուցակը և նրանց կենսագրական տվյալները: 2000 թ.-ից այդ գործին լծվում է նաև ՀՃՈՒՀ-ի անձնակազմը։ Ցուցակի համալրման համար նաև օգնության են հասնում թբիլիսցի հետազոտող Սարգիս Դարչինյանի հավաքած նյութերը, վերջինս 1970-ական թթ.-ից մինչև իր մահը՝ 2013 թ. լուսանկարել էր այն բոլոր տապանաքարերը, որոնք գերեզմանոցի ավերումից հետո օգտագործվել էին այլևայլ շինությունների կառուցման համար ու ավելի ուշ հայտնաբերվել էին նրանց վերանորոգման կամ քանդման ժամանակ: Այս աշխատության վրա Ս․Կարապետյանն աշխատել է երկար տարիներ և այն ավարտի հասցրել արդեն հիվանդ վիճակում։
Ինչպես պատմեց Րաֆֆի Քորթոշյանը, Թբիլիսիի քաղաքային իշխանությունների որոշմամբ 1936 թ. մարտից մեկնարկում են Խոջիվանքի գերեզմանոցի տեղում հանգստի և մշակույթի զբոսայգու ստեղծման աշխատանքները։ Դեկտեմբերին արդեն հեռացված էին տեղի հազարավոր գերեզմանական հուշակոթողները, իսկ 1938 թ. վերջերին ողջ տարածքի վրա հիմնվել էր Բարեկամության զբոսայգին: Համարյա քառորդ դար անց՝ 1961 թ. հայերին արտոնվում է զբոսայգու վերածված երբեմնի գերեզմանոցի արևելյան մասում՝ հրաշքով փրկված Րաֆֆու հուշակոթողի մոտ հիմնել մշակույթի գործիչների ազգային պանթեոն: Այնտեղ տեղադրվում են նաև մշակույթի առավել հայտնի 32 գործիչների հիշատակը հավերժացնող հուշասալիկներ, և Սամվել Կարապետյանը իր այցելությունների ժամանակ հնարավորություն ուներ տեսնել միայն այս հատվածի շիրմաքարերն, ինչպես նաև տարբեր շինություններից հայտնաբերված Խոջիվանքի երբեմնի գերեզմանոցի տապանաքարերի մնացորդները, որոնք բերվել և դրվել էին նոր պանթեոնի պարսպապատին կից:

«Մշակութային և պատմական կորուստը անշուշտ կարելի է նույնացնել Ջուղայի խաչքարերի և Բաքվի հայկական գերեզմանոցի ոչնչացման հետ, սակայն քաղաքական ենթատեքստը՝ ոչ, – նշեց Րաֆֆի Քորթոշյանը։ – Հուշարձանների պահպանման 1930-ական թթ.-ի ընկալումերն այլ էին քան 2000-ական թթ․-ին։ Խորհրդային Միության բոլոր քաղաքներում այդ տարիներին կիրառվում էին քաղաքաշինական նոր նորմեր։ Այդ նորմերին հաճախ զոհ էին գնում գերեզմանոցներն ու պատմական հուշարձանները, ինչը տեղի ունեցավ Խոջիվանգի պարագայում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ջուղայի, Բաքվի, Գանձակի հայկական գերեզմանոցների, ինչպես նաև բազմաթիվ այլ հայկական գերեզմանոցների և հուշարձանների ոչնչացումն այդ երկրի պետական մակարդակով իրականցվող քաղաքականության արդյունք է, պետական վանդալիզմ և հայատյացության դրսևորում»։
Րաֆֆի Քորթոշյանը նաև շեշտեց, որ Սամվել Կարապետյանը մշտապես կարևորել է, որ իր և ՀՃՈՒՀ-ի այլ անդամների կողմից լուսընծայած աշխատությունները նախապես տպագրվեն հայերեն, հետո թարգմանվեն օտար լեզուներով։ Սակայն այս գրքի պարագայում նրա հրատարակման հովանավորները որոշել են սկզբում ունենալ անգլերեն տարբերակը, որպեսզի գիրքը հասանելի դառնա միջազգային լայն շրջանակների համար։ Գրքի ներկայիս՝ հայալեզու տարբերակը լույս է տեսել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանավորության ներքո, նախահրատարակչական աշխատանքները կատարվել են «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի և ՀՃՈՒ-ԱՄՆ-ի աջակցությամբ:
Հավելենք, որ գրքում ներկայացված է Ծիրանավոր Սբ.Աստվածածին վանքի (Խոջիվանք) ճարտարապետությունն ու պատմությունը, ընդհանուր տեղեկություններ Թբիլիսիի հայոց հին գերեզմանոցների մասին, Խոջիվանքի գերեզմանոցի պատմությունը՝ ստեղծումից մինչև ավերումը, ինչպես նաև այնտեղ ամփոփված՝ մոտ 2100 հայորդիների ցուցակը և կենսագրական տվյալները: