Խորթ մայրը շուրջ 1,5 ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային։ Sputnik Արմենիային ՀՀ դատախազությունը զարհուրելի մանրամասներ է հայտնել Երևանում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում մեկ տարեկան տղա երեխայի սպանության փորձի կասկածանքով կա ձերբակալված անձ։ News.am-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասել էր, որ մեկ տարեկան երեխային կլինիկական մահվան հասցնելը ոչ թե պատահականության, այլ դիտավորության արդյունք է։
Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ կինը հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրել է ֆիզիկական ներգործություն, ֆիզիկական ուժեղ ցավ պատճառել։ Այս, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 3-րդ կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու:
Մեր տեղեկություններով՝ երեխային կենսաբանական մահվան հասցրած կինը 38 տարեկան է։
Հիշեցնենք, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի փոքրիկից՝ ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը հանձնված են խնամակալության Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի, մեկ երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր և խորթ մոր խնամքի տակ էր։ Երեխայի հայրը և խորթ մայրը բնակվում էին Երևանի Արաբկիր համայնքում։
