Логотип

Խորհրդարանի խոսնակ․ ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է Թրամփին «անմոռանալի դաս» տալ

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «անմոռանալի դաս» տալ, եթե Վաշինգտոնը հարձակվի Իսլամական Հանրապետության վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։

«Լսել եմ, որ դու սպառնացել ես Իրանին։ Իրանի պաշտպանները քեզ անմոռանալի դաս կտան։ Արի և տես, թե ինչպես Մերձավոր Արևելքում ձեր (ԱՄՆ-ի՝ խմբ.) ողջ ներուժը կոչնչացվի», -ասել է Ղալիբաֆը՝ դիմելով Թրամփին։ Խոսնակի խոսքերը մեջբերում է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կաջակցի Իրանի ուղղությամբ նոր հարվածներին, եթե Թեհրանը փորձի շարունակել հրթիռային և միջուկային ծրագրերի մշակումը։ Ավելի ուշ` Իրանում բողոքի ցույցերի և անկարգությունների սկսվելուց հետո, Թրամփը սպառնացել էր ցուցարարների զոհվելու դեպքում հզոր հարված հասցնել Իրանին՝ ընդգծելով, որ օգնության կհասնի Իրանի ժողովրդին, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Sputnik Արմենիա