Փաստաբան Հովհաննես Խուդոյանը Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքար» շարժման 17 աջակիցների գործով դատական նիստի ժամանակ միջնորդեց որպես վկա կանչել և հարցաքննել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
«Պողոսյանը գործի վերաբերյալ հրապարակային հայտարարություններ է արել ու տվյալներ հայտնել, որոնք նախաքննության ընթացքում չեն եղել ու դատավարական վարույթին էլ ներկայացված չեն։ Վարդապետյանն էլ հրապարակային հայտարարություն է արել, որոնց վերաբերյալ տվյալներ չկան քրեական վարույթում։ Պետք է հասկանալ, թե այդ տվյալները նրանց մոտ ինչ եղանակով են հայտնվել, արդյոք այդ ամենն իրականության մեջ եղել է, ու եթե նման տվյալներ են եղել, ինչու չեն հրապարակվել»,- ասաց Խուդոյանը։
Փաստաբանը միջնորդեց նաև որպես վկա դատարան կանչել ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, որն իր ցուցմունքով կհայտնի հանգամանքներ, որոնցով կհերքվեն առաջադրված մեղադրանքները։
Խուդոյանը նաև միջնորդեց դատարանին, որ ԱԱԾ-ից պահանջի իրականացված օպերատիվ գործողությունների վերաբերյալ տվյալները, որոնք հիմք են հանդիսացել արձանագրությունների, խուզարկությունների, օպերատիվ գործողությունների համար։
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս գործով 18 անձ է անցնում, այդ թվում` Բագրատ սրբազանը։
Sputnik Արմենիա
