Логотип

Խուլիգանության կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է. ՆԳՆ-ն՝ «Մայր Հայաստանի» աջակցին բերման ենթարկելու մասին

Խուլիգանության կասկածանքով մեկ անձ ձերբակալվել և ներկայացվել է Քննչական կոմիտե։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից՝ անդրադառնալով Վաղարշապատում «Մայր Հայաստան» կուսակցության աջակից Օնո Հարությունյանին առևանգելու դեպքին։

Ավելի վաղ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը NEWS.am–ին հայտնել էր, Վաղարշապատում անհայտ անձինք՝ քաղաքացիական հագուստով, հարձակվել են, տապալել գետնին և առևանգել «Մայր Հայաստան» շարժման աջակից, բլոգեր Օնո Հարությունյանին։

«Հիմա ուզում ենք հասկանալ, թե ովքեր են եղել այդ անձինք։ Օնո Հարությունյանը մեր շարժման աջակիցն է և տարիներ շարունակ սուր քննադատում է իշխանություններին։ Նա Վաղարշապատում հայտնի բլոգեր է։ Այս ընտրություններում մեզ է աջակցում։ Ընկերուհու հետ է եղել։ Հիմա մեր փաստաբաններին խնդրել ենք պարզել, թե ինչ է տեղի ունեցել»,–ասել է Անդրանիկ Թևանյանը։

Բլոգերի ընկերուհին մանրամասներ է պատմել, որ իրենք մեքենայով են եղել, երբ երեք այլ մեքենաներ հետևից եկել են, 5-6 հոգով հարձակվել են ընկերոջ վրա, քարշ տալով տարել են։