Логотип

Ծանրամարտի ֆեդերացիան պահանջում է դադարեցնել Ծառուկյանի՝ ՀԱՕԿ նախագահի լիազորությունները

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Գագիկ Ծառուկյանի՝ որպես Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունները։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Որպես հետևանք՝ ֆեդերացիան պահանջում է անվավեր ճանաչել 2025 թվականի սեպտեմբերի 9-ից նրա կողմից կայացված բոլոր որոշումները և գործողությունները։ Բացի այդ, նաև պահանջում են նույն ամսաթվից դադարած ճանաչել վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները և նրանց կողմից ընդունված որոշումները։

Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ նախագահ է ընտրվել 2021թ. սեպտեմբերի 9-ին՝ 4 տարի ժամկետով (Ծառուկյանը ՀԱՕԿ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2004թ․ թվականից- խմբ․)։ Ֆեդերացիայում կարծում են, քանի որ 2025թ. սեպտեմբերի 9-ից ի վեր նոր ընտրություն տեղի չի ունեցել, նշանակում է՝ պաշտոնավարումը պետք է դադարած ճանաչել։

Հայցադիմումը դատարան է ստացվել ապրիլի 8-ին և մակագրվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Անուշավան Մուշեղյանին։

Հիշեցնենք, որ 2025-ի հունվարի 22-ից Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է։

Sputnik Արմենիա