Логотип

Ծառայություն՝ ծառայության դիմաց. ո՞վ է ընտրություններից առաջ նվեր մատուցել Փաշինյանին

2025 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական միջոցառման համար ո՛չ ՀՀ վարչապետի աշխատակազմը և ո՛չ էլ Երևանի քաղաքապետարանը գումար չեն հատկացրել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ամփոփելով կառավարությունից և քաղաքապետարանից ստացված գրավոր հարցումների պատասխանները:

NEWS.am-ին բաց աղբյուրներից հայտնի դարձավ, որ միջոցառումը կազմակերպել է «Դոմինո վիդեո փրոդաքշն» ՍՊԸ-ն, որից հետհեղափոխական Հայաստանում իշխանությունները պարբերաբար միլիոնավոր դրամների պետգնումներ են անում: Մեր տեղեկություններով՝ տոնական միջոցառման ընթացքում դրոններով լուսային շոուն ընկերությունը վերապատվիրակել է Արաբական Միացյալ Էմիրությունների մեկ այլ ընկերությանը:

Հիշեցնենք, որ հանրության ուշադրությունից չէր վրիպել այն փաստը, որ դրոններով շոուի ընթացքում, պետական և ամանորյա խորհրդանիշներից զատ, ցուցադրվել էր նաև Նիկոլ Փաշինյանի՝ բրենդ դարձած «սրտիկի» պատկերը, որն, ամենայն հավանականությամբ, հունիսին սպասվող համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավին կփոխարինի Փաշինյանի «ժապավենով մուրճին»:

Թեև ընկերությունը սոցիալական ցանցերի իր էջերում նախապես տեղեկացրել էր սպասվող միջոցառման մասին, իսկ Ամանորի գիշերը և դրան հաջորդող օրերին պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութե հրապարակել շոու ծրագրից, վարչապետի աշխատակազմից տևական ժամանակ էլ թաքցնում են միջոցառման հովանավորին` հրաժարվելով պատասխանել, թե որ ընկերությունն է իրականացրել կազմակերպչական աշխատանքները: NEWS.am-ի բանավոր հարցին ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը նշել էր, որ տեղյակ չեն՝ խոստանալով ճշտել և լրացուցիչ տեղեկացնել: Սակայն մինչ օրս վարչապետի աշխատակազմից կայքին որևէ տեղեկություն չեն տրամադրել:

Չնայած վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի՝ անտեղյակ ձևանալու փորձերին, մեզ հաջողվեց պարզել, որ ամանորյա տոնական միջոցառման ամբողջ ծրագիրը համաձայնեցվել, իսկ Փաշինյանի «սրտիկի» քարոզչական դրվագը պատվիրվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից:

Նշենք, որ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների համաձայն՝ 2010 թվականին հիմնադրված «Դոմինո վիդեո փրոդաքշն» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Աշոտ Առաքելյանին: Վերջինս, համաձայն մամուլի հրապարակումների, մտերիմ հարաբերություններ ունի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ:

Հիշեցնենք նաև, որ 2021 թվականին Անկախության 30-ամյակի միջոցառումը նույնպես իրականացվել էր այս ընկերության հովանավորությամբ, ինչից հետո «Դոմինոն» պետական հատվածից միլիոնավոր դրամների գնումների պատվերներ էր ստացել: Վերջին թարմ օրինակը 2025-ի դեկտեմբերի վերջին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունն էր, որի կազմակերպման համար վարչապետի աշխատակազմը «բաց մրցույթ» ընթացակարգով շուրջ 130,5 միլիոն դրամի պայմանագիր էր կնքել ընկերության հետ:

Նկատենք, որ այս միջոցառումը կազմակերպելիս նույնպես կիրառվել էին իշխանական քարոզչական հնարքներ. օրինակ՝ 13 հաղթող հերոսներին շնորհված մրցանակները խորհրդանշում էին Արագած լեռան 4 գագաթները: Հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանության օրոք, որպես «իրական Հայաստանի» գաղափարախոսության մաս, մշտապես առաջ է քաշվում Արագածը մեծարելու և Արարատի խորհրդանիշներից հրաժարվելու թեզը: Այս համատեքստում անգամ դեռևս 2023թվականից Փաշինյանը կառավարությունում հյուրերին ընդունում հենց Արագածի մեծադիր նկարի ներքո:

Թե ինչ ծառայությունների դիմաց է ծառայություններ մատուցում «Դոմինոն» իշխանություններին, դժվար չէ գուշակելը, իսկ թե ի՞նչ նոր արտոնություններ կստանա և առջևում քաղաքականացված ինչպիսի՞ միջոցառումներ կկազմակերպի Հրապարակի երկնքում Փաշինյանի հետ ասոցացվող «սրտիկի» սիմվոլի ցուցադրումն ապահոված ընկերությունը՝ ցույց կտա ժամանակը: