Հայաստանում կայացել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։
Նա, մասնավորապես, նշել է. «Մեծամասշտաբ այս միջոցառումը մեր երկրում համախմբել է համաշխարհային սպորտի հեղինակավոր ու ազդեցիկ ներկայացուցիչների՝ եվրոպական և ասիական երկրների օլիմպիական կոմիտեների նախագահների, փոխնախագահների, առաջատար ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև աշխարհահռչակ մարզիկների։
Ֆորումը կարևոր քայլ էր՝ սպորտի զարգացման և միջազգային համագործակցության համար։ Այն ցույց տվեց, որ սպորտը կարող է միավորել մարդկանց և նպաստել համատեղ ծրագրերի իրականացմանը։
Հայաստանում նման բարձր մակարդակի համաժողովի անցկացումը մեծ պատիվ է և միաժամանակ վկայություն՝ մեր երկրի նկատմամբ միջազգային վստահության։ Այն հաստատեց, որ Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում։
News.am
