Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վատիկան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Վեհափառ հայրապետը և Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինին հանդիպման ընթացքում անդրադարձել են աշխարհի տարբեր կողմերում ծավալվող հակամարտություններին, ինչպես նաև մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Կայուն և երկարատև խաղաղության վերականգնման համար կարևորվել են միջազգային հանրության, այդ թվում` քույր եկեղեցիների կողմից ներդրվող ջանքերը։
«Վեհափառ հայրապետը հանդիպմանը առանձնակիորեն բարձրաձայնել է նաև հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և Ադրբեջանում անազատության մեջ պահվող ռազմագերիների ու պետական այրերի ազատ արձակման խնդիրները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ամենայն հայոց կաթողիկոսը Սուրբ աթոռի Արևելյան կաթոլիկ եկեղեցիների բաժնում հանդիպել է կառույցի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտիի և մի շարք այլ կարդինալների հետ։ Կառույցների ղեկավարների հետ քննարկվել են Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու, Մայր աթոռի հետ Հռոմի կաթոլիկ եկեղեցու գործակցության առավել ընդլայնման հարցերը, հայ ժողովրդին հուզող հիմնախնդիրները, քրիստոնյա աշխարհի առջև ծառացած մարտահրավերները, քրիստոնեական արժեքների և ժառանգության պահպանման հրամայականները։
Մայր աթոռից հայտնում են, որ կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունն արդեն վերադարձել է։
Հիշեցնենք` Գարեգին Երկրորդը Վատիկան էր մեկնել սեպտեմբերի 15-ին, հանդիպել Հռոմի պապ Լևոն 14-րդի հետ։
Sputnik Արմենիա