Логотип

Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ

Նիկոլ Փաշինյանի միջադեպի գործով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն։ Այս մասին հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29-ին Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ երիտասարդին քաշելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։

Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։ Ձերբակալվածները եղել են Դավիթ ու Միքայել Մինասյանները, ովքեր սովորում են դպրոցում, ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ ՔԿ-ն նրանց եղադրանք ներկայացրեց, Միքայել Մինասյանին՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը), Գևորգ Գևորգյանին՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)։

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը։ Երկվորյալ եղբայրներից մեկին, սակայն, կալանավորելու հարց է բարձրացվել։ Դավիթ Մինասյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

«ՓաստԻնֆո»