Логотип

Կալանավորվել է նաև Գյումրու գլխավոր ճարտարապետը

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու գործով 8 անձանցից 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Գյումրու համայնաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով, մեկի նկատմամբ էլ կիրառվել է տնային կալանք։

«Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված ևս 2 անձանց` այդ թվում գլխավոր ճարտարապետի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- նշեցին կոմիտեից։