Եվրամիությունը պետք է դիտարկի Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցը, եթե Կիևը իսկապես հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամակցությունից։ Այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով` նման երաշխիքները պետք է ներառեն իրական զորքի և հնարավորությունների առկայություն, որոնք թույլ կտան Ուկրաինային պաշտպանվել։
«Եթե դա այլևս քննարկման ենթակա չէ և դրա մասին չի խոսվում, ապա մենք պետք է դիտարկենք, թե անվտանգության ինչպիսի երաշխիքներ են շոշափելի։ Դրանք չեն կարող լինել թղթեր կամ խոստումներ։ Դրանք պետք է լինեն իրական զորքեր, իրական հնարավորություններ, որպեսզի Ուկրաինան ի վիճակի լինի պաշտպանվել», – հայտարարել է նա։
Կալասը նշել է, որ սառեցված ռուսական ակտիվների գրավի դիմաց Կիևին վարկ տրամադրելու վերաբերյալ բանակցությունները դժվար են ընթանում, և վերջնական որոշում դեռ չկա։
Բրյուսելում ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ Կալասը հույս է հայտնել, որ առաջիկա օրերին հնարավոր կլինի համաձայնության գալ, և ընդգծել է, որ աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է։ Նա նաև նշել է, որ առանց Բելգիայի համաձայնության դժվար կլինի դրական արդյունքի հասնել։
Կալասի խոսքով՝ ԵՄ երկրների առաջնորդները չեն կարողանա համաձայնության հասնել Ուկրաինային եվրաբոնդերի միջոցով ֆինանսավորելու հարցում, նա նշել է, որ Բրյուսելի համար միակ լուծումը ռուսական ակտիվների բռնագրավումն է։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ԵՄ-ն հասել է Կիևին 2 մլն ռազմամթերք մատակարարելու իր նպատակին։
«Մենք հասել ենք «երկու միլիոն ռազմամթերք» նախաձեռնության շրջանակում սահմանված նպատակին», – ասել է նա։
Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 9-ին հայտարարեց, որ առաջիկա 60-90 օրվա ընթացքում պատրաստ կլինի ընտրություններ անցկացնել։ Նա ամերիկացի և եվրոպացի գործընկերներին խնդրեց օգնել ընտրությունների անցկացման անվտանգությունն ապահովելու հարցում։ Զելենսկին նաև խոստովանեց, որ Ուկրաինան բավարար ուժ չունի Ղրիմը վերադարձնելու համար։
Հիշեցնենք` Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենք մատակարարելը խանգարում է հակամարտության կարգավորմանը` ուղղակիորեն ներգրավելով ՆԱՏՕ-ի երկրներին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: Կրեմլում հայտարարել են, որ Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։
Sputnik Արմենիա
