…Թրամփը ոչ մի պատկերացում չունի ինքնիշխանության և սեփական արժանապատվության զգացումի մասին։ Ոչ միայն չձերբակալեց Պուտինին Միջազգային քրեական դատարանի օրդերով, այլև դիմավորեց Ռուսաստանի առաջնորդին օդանավի մոտ՝ կարմիր գորգ փռելով։ Այլ բան է մեր Նիկոլ Վովաևիչը. չդիմավորեց նրան ոչ միայն օդանավի մոտ, այլև նստավայր մտնելիս։ Ինքնիշխանության ի՜նչ բարձր ըմբռնում, սեփական արժանապատվության ինչպիսի՜ վեհ զգացում…
ԱԼՅԱՍԿԱՅՈՒՄ ԱՆՑԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ԲԱՐԴ ՉԼԻՆԵԼ։ Այն պարզ պատճառով, որ բարդ է բանակցությունների բուն գլխավոր թեման՝ Ուկրաինան, գումարած՝ շատ են բանակցությունների ձախողում ցանկացողները։ Բայց Թրամփի գործոնը թույլ է տալիս խոսել այն մասին, որ բեկման հնարավորություն այնուամենայնիվ մնում է։
Ի տարբերություն արևմտյան աշխարհի քաղաքական գործիչների մեծամասնության՝ բանակցություններում Թրամփն առաջնորդվում է բնավ ոչ նախապես պատրաստած կաղապարներով։ ԱՄՆ նախագահը պատրաստ է ոչ միայն լսել զրուցակցի փաստարկները, այլև ընդունել դրանք, եթե արդար է համարում: Արդի աշխարհում դա շատ բան է նշանակում:
Կրկին շեղվելով մեր Փաշինյանի ու իր թիմի վրա՝ արձանագրենք, որ սրանք հակառակ վարքագծի գերազանց նմուշ են։ Կարող ես ամենահամոզիչ փաստարկներ ներկայացնել այս կամ այն դիրքորոշման օգտին, իսկ նրանք, վարժեցրած թութակների պես, սերտած կպատասխանեն Փաշինյանի պատրաստած հուշաթերթիկներով… Ու թքած ունեն՝ լավ է դա, թե վատ, ճիշտ է, թե սխալ, ինչ արդյունքի դա կարող է հանգեցնել երկրին։ Գլխավորը՝ չշեղվել Փաշինյանի հուշաթերթիկից, որն իր հերթին առաջնորդվում է արևմտյան որոշ հրահանգիչների հուշաթերթիկներով։
Թրամփն այդպիսին չէ։ Պատահական չէ, որ Պուտինը Ալյասկա բերեց և Թրամփին փոխանցեց քարտեզներ ու պատմական նյութեր, որոնք, ըստ Մոսկվայի, փաստում են Ուկրաինայի ձևավորման արհեստական բնույթը։ Պատերազմի չորրորդ տարում Մոսկվան համարեց, որ իմաստ ունի դա անել։ Հատկանշական գործոն, որը վկայում է այն մասին, որ Պուտինը Թրամփին համարում է իր դիրքորոշման մեջ համապատասխան գրասենյակներում մշակված կաղապարներով չառաջնորդվող ղեկավար։
… Ալյասկայում անցկացված բարդ բանակցությունները հաստատեցին հայտնի բանը։ Մոսկվան համարում է, որ պետք է լինի հակամարտության դադարեցման համապարփակ համաձայնագիր, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար։ Ռուսական ծրագիրը ենթադրում է հայտնի տարածաշրջանների նկատմամբ ռուսական վերահսկողության պահպանում, որոշ տարածքների փոխանակում, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու երաշխիքներ։ Դատելով ըստ ամենայնի, Թրամփն ընդհանուր առմամբ համամիտ է նման մոտեցմանը։
Թրամփի մեկ այլ առավելությունն այն է, որ նրա համար գլխավորը պատերազմի իրական, այլ ոչ թե բանավոր դադարեցումն է։ Նա պատրաստ է ստորագրել խաղաղության մասին ցանկացած փաստաթղթի տակ, որին կհամաձայնեն Մոսկվան և Կիևը։ Իսկ մինչ այդ պատրաստ է նպաստել խաղաղության բանաձևի մշակմանը։
Այժմ իր խոսքը պիտի ասի Զելենսկին, որը թռչում է Վաշինգտոն։ Զելենսկին ինքնուրույն չի պոկվի իր մեջ արմատավորած կաղապարային մոտեցումների կարթից, նույնիսկ եթե նրան մատների վրա ապացուցեն, որ պատերազմի շարունակումից Ուկրաինան լոկ կորցնելու է։ Թեև դա ակնհայտ է բոլորի համար, ում հայացքը մշուշված չէ այն կաղապարներով, որոնք իրենց շահերը պաշտպանելու նպատակով մշակել են եվրոպական հայտնի մայրաքաղաքներում՝ քաղաքականության ոլորտի իրենց «կրտսեր եղբայրների» համար։
Զելենսկու դիրքորոշումը, ինչպեսև 2022 թվականի մարտի վերջին, շատ առումներով կնախորոշվի Ռիչարդ Մուրի կառույցի դիրքորոշմամբ։ Այնտեղ, բնականաբար, դեմ չեն շարունակել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը ուկրաինացիների կյանքի գնով և ամերիկյան փողերով։ Բայց Մուրը հոգնել է և պատրաստվում է թողնել պաշտոնը, Թրամփը չի ցանկանում հանդես գալ որպես պատերազմի գլխավոր հովանավոր, Եվրոպայում էլ շատերը հասկանում են, որ բրիտանական հավերժական շահերը, իհարկե, հիանալի են, բայց Եվրոպան հոգնել է պատերազմից, և ընդհանուր եվրոպական բազմաձայնության մեջ գնալով ավելի լսելի է հնչում դրա շարունակման դեմ արտահայտվողների ձայնը: