Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները նոյեմբերի 25-ին «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումից հետո աջակցություն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին՝ ուղղված ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Կողմերն ընդգծել են, որ ցանկացած լուծում պետք է «լիովին ներառի Ուկրաինան, պահպանի նրա ինքնիշխանությունը, համահունչ լինի ՄԱԿ-ի կանոնադրությանը և երաշխավորի երկարաժամկետ անվտանգություն»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել են, որ իրենք «հստակ դիրքորոշում ունեն այն հարցում, որ սահմանները չպետք է փոխվեն ուժով»։
«Սա մնում է Եվրոպայում և դրանից դուրս կայունության և խաղաղության պահպանման հիմնարար սկզբունքներից մեկը», – ասվում է առաջնորդների համատեղ հայտարարության մեջ։
Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային աջակցություն տրամադրող երկրներից կազմված «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը կայացել է Փարիզում։
Ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայության՝ Սթարմերի, Մակրոնի, Մերցի համանախագահած հանդիպմանը տեսակապի միջոցով միացել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, կոալիցիայի 35 երկրների ներկայացուցիչները, Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրահանձնաժողովի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Հանդիպմանը միացել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
