Логотип

ԿԱՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ Է ՇՏԱՊՈՒՄ

Սիրելի Կայա Կալլասը շատ մեծ լավություն արեց Փաշինյանին։ Մանկական անմիջականությամբ խոստովանեց, որ Նիկոլ Վովաևիչն իրեն խնդրել է օգնել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Ասել է՝ հողը վառվում է ոտքերիս տակ, Կայա ջան, վարկանիշ չկա, բռնում եմ ընդդիմախոսներիս, բանտ գցում, բայց օգուտ չկա. բոլորին չես բանտարկի, ընդդիմախոսներս բազմանում են սնկերի պես, օգնեք… Ինչպես որ Մոլդովայում արեցիք, օգնեք… Հենց այդպես էլ ասաց անուշիկ Կայան. պաշտոնական Երևանը, այն է՝ Հայաստանի վարչապետը խնդրել է օգնել, ինչպես որ Մոլդովային օգնեցինք։

Բարեսիրտ Կայան, իհարկե, համաձայնել է։ Կքննարկենք, ասում է, ԵԽ-ում, թե ինչպես օգնել խեղճ մարդուն, հո չենք թողնելու բախտի քմահաճույքին: Չէ որ նա հանուն մեր հակառուսական քմահաճույքների նույնիսկ Արցախը հանձնեց… Պետք է օգնել, պե՛տք է։

ԻՆՉՊԵ՞Ս ՊԻՏԻ ՕԳՆԵՆ։ ԳՈՒՄԱՐՈՎ, ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ: ԵՎՐՈՊԱՅԻՑ ՓՈՂԵՐ ԿՆԵՏԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, որպեսզի չխնայի ժողովրդի համար «հաց ու թամաշայի» վրա։ Դե, նաև «հինգերորդ շարասյանը», եվրոպական ֆինանսական ասեղին նստած ՀԿ-ներին և ԶԼՄ-ներին, քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին, ուժայինների ու դատավորներին աջակցելու վրա։ Որպեսզի թև ու թիկունք լինեն Փաշինյանին, ապահովեն վերարտադրությունը։ 12 մլն եվրո արդեն խոստացել են, բայց մտադիր են ավելացնել։

Բարի մարդիկ են այդ եվրոպացիներն ու անկեղծ։ Ինչո՞ւ նազ ծախեն, ինչո՞ւ ձգձգեն. հավաքվեցին Եվրամիության անդամ երկրների նախարարները և նախաճաշի հրավիրեցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, որպեսզի վերջինս բացատրի, թե կոնկրետ ինչի համար է Նիկոլ Փաշինյանը հավելյալ գումար մուրում Եվրոպայից։

Միրզոյանը նախաճաշեց ու բացատրեց։ Նախարարները հասկացան և, ինչպես հաղորդում է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչությունը, «պատրաստակամություն հայտնեցին աջակցել Հայաստանի ներուժին՝ հակազդելու հիբրիդային և կիբեր գործունեությանն ու ապատեղեկատվության տարածմանը, ինչով Ռուսաստանը կփորձի ազդել առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա»…

… Բայց ոչ միայն փող կտան: Բարի Եվրոպան կօգնի նաև նրանով, որ աչք կփակի Փաշինյանի ներքաղաքական այլանդակությունների վրա։ Հենց նույն Մոլդովայում երկու կուսակցությունների թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին, Ռումինիայում Բրյուսելին անցանկալի նախագահական ընտրությունների արդյունքներն ընդհանրապես չեղարկեցին, ինչո՞վ է Հայաստանն ավելի լավը։

Ոչ մի բանով։ Թող Նիկոլ Վովաևիչն անի՝ ինչ խելքին փչի. թեկուզ Հայ Եկեղեցուն ծվատի, թեկուզ Գարեգին Բ Կաթողիկոսին փոխարինի իր դրածոյով, թեկուզ ոչ միայն ընդդիմադիր մրցակիցներին, այլև բլոգերներին ու հոգևորականներին բանտ նետի։ Դե, թեկուզ ձեռքի տակ ընկած յուրաքանչյուրին, քանզի ընթանում է «հիբրիդային պատերազմ», և բոլոր նրանք, ովքեր դեմ են Փաշինյանին, Ռուսաստանի գործակալներ են։

Ամեն ինչի պատրաստ է բարի Եվրոպան, որպեսզի Փաշինյանը հաղթի ընտրություններում։ Միայն թե պետք չէ ասել, թե ԵՄ-ն ամենաբացահայտ կերպով միջամտում է Հայաստանի ներքին գործերին։ Ու նաև պետք չէ ասել, թե Կայա Կալլասին Փաշինյանի ուղղած խնդրանքից «ինքնիշխանության» հոտ անգամ չի գալիս։

Նպատակն արդարացնում է միջոցները: Չէ՞ որ դժվար չէ կռահել, թե դրա դիմաց ինչ է խոստացել Հայաստանի վարչապետը Կայային. աշխարհաքաղաքական վերակողմնորոշում, ինչի համար պատրաստ է կատարել Բաքվի և Անկարայի բոլոր պահանջները։ Մանավանդ որ վերջին երկու մայրաքաղաքներն էլ սարի պես կանգնել են ու կկանգնեն Փաշինյանի թիկունքին։ Չեն խոստովանում, իհարկե, ինչպես միամիտ Կալլասը, բայց Նիկոլին կսատարեն նույն ժողովրդի երկու պետությունների երկու առաջնորդները՝ Էրդողանն ու Ալիևը, անպայման կսատարեն։ Դե, քանի որ ստացել են այդպեսի նվեր, կարելի է ասել՝ գլուխգործոց նվեր, ապա պետք է ամեն կերպ պաշտպանեն ու փայփայեն նրան: