Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կիրակի հայտարարել է, որ, իր կարծիքով, դաշինքի երկրները պատրաստ չեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հստակ ժամկետ նշել, հայտնում է Reuters-ը։
«Այնպիսի զգացողություն ունեմ, որ անդամ պետությունները պատրաստ չեն հստակ ամսաթիվ նշել»,- Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Կայա Կալասը։
«Դեռ շատ աշխատանք կա անելու, իսկ հետո առաջնահերթ և անհետաձգելի անհրաժեշտություն է առաջ շարժվելն ու ցույց տալը, որ Ուկրաինան Եվրոպայի մաս է»,- հավելել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Ավելի վաղ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսն ընդունել էր, որ ԵՄ ներկայիս իրավական դաշտով հնարավոր չէ կատարել այն խնդիրները, որոնք իր առջև դրել է Ուկրաինան։
«Այն մեթոդաբանությունը, որն այժմ կիրառում ենք, ստեղծված է խաղաղության համար։ Այն ստեղծված է այն ժամանակների համար, երբ բավականաչափ ժամանակ կա, որպեսզի երկիրը կարողանա իրականացնել բոլոր անհրաժեշտ բարեփոխումները։ Շվեդիան, օրինակ, ամենազարգացած երկիրն էր, որը ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել, բայց նույնիսկ Շվեդիային երեք տարի պահանջվեց»,- հիշեցրել է նա։
«Այսպիսով, ելնելով ներկայիս մեթոդաբանությունից՝ 2027 թվականի հունվարի 1-ին անդամակցությունն անհնար է։ Սակայն պետք է գտնենք լուծում՝ ինչպես հաղթահարել գործող մեթոդաբանության և աշխարհաքաղաքական մարտահրավերների միջև առկա անդունդը։ Մենք այլևս չենք կարող սպասել»,- հայտարարել է եվրահանձնակատարը։
News.am
