Логотип

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ ՀՍՏԱԿ ԱՆՈՒՆ ՈՒՆԻ. ՆԻԿՈԼԸ ԱՐԽԻՎ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՈՉ ԹԵ ԶԵԿՈՒՅՑԸ, ԱՅԼ ԲՈՒՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ

«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի» շուրջ ամբողջ 4 տարի տևած էպոպեան ավարտվեց խոսնակին ներկայացնելուց անմիջապես հետո արխիվ ուղարկված զեկույցի վրա «Հույժ գաղտնի» կնիք դնելով: ՔՊ-ական ամենախորշելի պատգամավորներից մեկի՝ Անդրանիկ Քոչարյանի այս «աշխատությանը» այսուհետ կարող են ծանոթանալ միայն գաղտնիության անհրաժեշտ մակարդակի թույլտվություն ունեցող պատգամավորները։ Ասենք, նրանք առանձնապես չեն էլ շտապում դա անել. 10 օր անց իրենց այդ իրավունքից օգտվել են, եթե դատենք հրապարակային արձագանքից, ընդամենը երկու ընդդիմադիր խորհրդարանականներ։

ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԶԵԿՈՒՅՑՆ ԱՐԽԻՎ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՊՃԵՊ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՐՅԱԼ մեկնաբանություններն այնուամենայնիվ շատ են։ Հանաք բան չէ, ավելի քան 3 տարի իշխանական խմբակցության պատգամավորները երդվում էին ներկայացնել ողջ ճշմարտությունը 44-օրյա պատերազմի մասին և սպառնում աղմկահարույց բացահայտումներով: Առավել համոզչության համար շոու կազմակերպեցին, հանձնաժողովի նիստին հրավիրելով անձամբ Նիկոլին՝ ուղիղ հեռարձակմամբ։ Այն ժամանակ Փաշինյանը ամպագոռգոռ հայտարարեց, թե իբր՝ հանրության շահերն առավելագույն թափանցիկություն են պահանջում 44-օրյա պատերազմի և Արցախի բանակցային գործընթացի հարցերում։

Այսօր իշխանությունը կա՛մ այլևս հաշվի չի նստում «հանրային շահերի» հետ, կա՛մ որոշել է, թե 44-օրյա պատերազմի մասին ճշմարտությունն այդ շահերի մեջ արդեն չի մտնում։ Ասենք, ոչ մի ճշմարտություն այդ հանձնաժողովից ոչ ոք չէր էլ սպասում, ընդդիմությունն ընդհանրապես բոյկոտեց դրա աշխատանքը՝ չցանկանալով ցինիկ շոուի մաս կազմել։ Այդուհանդերձ հավաստիության որոշակի բաժին զեկույցում պարզապես չէր կարող չլինել։ Ամենայն հավանականությամբ, ինչ-որ փուլում պարզվել է, որ այդ բաժինը չափազանց մեծ է, չնայած դա թաքցնելու հանձնաժողովի անդամների բոլոր ջանքերին, ինչը նշանակում է, որ «քննիչները» անխուսափելիորեն «ընկնում էին իրենց իսկ հետքին»։

Հնարավոր է, որ հենց այդ ժամանակ էլ որոշվել է միտումնավոր ձգձգել ժամկետներն այնքան, որ Սիմոնյանն օրինական իրավունք ստանա մերժելու զեկույցի քննարկումն ԱԺ լիագումար նիստում և ուղարկի արխիվ: Հնարավոր է նույնիսկ, որ դա արվել է Ա.Քոչարյանի ցանկությանը հակառակ. խոսակցություններ էին շրջում, որ նա ստացել է տվյալներ, որոնցով հեշտությամբ կարող է շանտաժի ենթարկել իր կուսակիցներին, ընդհուպ մինչև Նիկոլ։

Հնարավոր է նաև, որ հանձնաժողովի նույնիսկ ՔՊ-ական ոչ բոլոր անդամներն են համաձայն եղել բովանդակությանը և հետևություններին, այլապես ինչո՞ւ փաստաթղթի տակ չկան նրանցից ոմանց ստորագրությունները, ինչպես վկայում է զեկույցը կարդալու համար ժամանակ գտած պատգամավորներից մեկը՝ Գեղամ Մանուկյանը:

Դատելով նրանից, թե ինչ պատմեցին Մանուկյանն ու տեքստին ծանոթացած մեկ այլ պատգամավոր՝ Տիգրան Աբրահամյանը, պատերազմի և պարտության հանգամանքների մասին ճշմարտությունն ամբողջությամբ թաքցնել այնուամենայնիվ չի հաջողվել։ Չի հաջողվել, չնայած ի սկզբանե իջեցված հանձնարարականներին, ողջ ծախվածությանը և սեփական ակնհայտ ծանրագույն մեղքի համար պատասխանատվությունից խուսափելու ձգտմանը։ Չնայած այն հանգամանքին, որ տեքստի վրա աշխատել ու սրբագրել է անձամբ Փաշինյանը. այդպիսի տպավորություն է ստեղծվել Աբրահամյանի մոտ։

«ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅՍ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ Է ԱԿՆՀԱՅՏ, ՈՐ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԱՂԵՏԱԼԻ ԷՋԻ ու որպես հետևանք դրան հաջորդած պարտությունների շղթայի գլխավոր պատասխանատուն հենց իշխանության գլխին կանգնածն է` Փաշինյանը»,- գրել է նա: Բայց դրանում նույնպես ոչ մի նոր ու անսպասելի բան չկա։ Իհարկե, այդ փաստի փաստաթղթային ամրագրումն արդեն կնշանակի մեղադրանքի այլ մակարդակ, բայց դժվար թե զեկույցում, որի վրա աշխատել են Ա.Քոչարյանն ու Փաշինյանը, այդպես բացահայտ ասված լինի այդ ամենի մասին։

Ինչո՞ւ այնուամենայնիվ զեկույցը քննարկման չդրվեց լիագումար նիստում՝ ժամկետները գերազանցելու ձևական պատրվակով։

Հետպատերազմյան հինգ տարիների ընթացքում տեղի են ունեցել այնքան մասշտաբային, երկրի ու ժողովրդի համար ճակատագրական ողբերգական իրադարձություններ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների նկատմամբ հետաքրքրությունը հասարակության մեջ զգալիորեն թուլացել է։ Կա միանգամայն հստակ ըմբռնումը պարտության գլխավոր պատճառի՝ «գերագույն գլխավոր հրամանատարի» գլխավորած իշխանությունների վարած քաղաքականության և գործողությունների մասին։ Կա նաև այն գիտակցումը, որ այս իշխանությունների օրոք ճշմարտությունը չի բացահայտվի իր ողջ անողոքությամբ, մանավանդ իշխանական ուսապարկերից կազմված հանձնաժողովի կողմից, որը կուրորեն ենթարկվում է վերևից տրված ցանկացած հրահանգի։

Բայց դա էլ գլխավորը չէ։ Հարցն այն է, որ արխիվ է ուղարկվում ոչ թե զեկույցը, այլ բուն պատերազմը։ Նիկոլի համար անհետաքրքիր և մահու չափ անցանկալի է ճշմարտությունը աղետի 44 օրերի մասին. նա ձգտում է մոռացության մատնել Արցախում տեղի ունեցած ամենը, հատկապես վերջին տարիներին կատարվածը, ինչպես որ փորձում է փակել բուն Արցախի հարցը: Ջանում է ապացուցել, թե իր «դարաշրջանը» ոչ թե պատերազմի, այլ բացառապես «խաղաղության» մասին է, թե իր իշխանությունը պատերազմի և պարտության մասին չէ, այլ բարեկեցության, բութ գոհության, կուշտ կյանքի և համընդհանուր երջանկության:

Նրանք ուզում են արխիվ ուղարկել տասնյակ հազարավոր հայերի տառապանքն ու մահը, հայկական Արցախի ու ազգային սրբավայրերի կորուստը, այն ամենը, ինչ տեղի է ունեցել իրենց կեղծ ու շինծու «խաղաղությունից» առաջ։ Միաժամանակ նրանք արխիվ են ուղարկում մեր հաղթանակն Արցախյան առաջին ազատամարտում, քանզի ատում են թուրքերի նկատմամբ հայերի տարած հաղթանակի մասին միտքն անգամ։ Փորձում են սկսել իրենց «չորրորդ հանրապետությունը» նույնիսկ ոչ թե 2018-ի ապրիլից, այլ 2025-ի օգոստոսի 8-ից և ընտրությունների գնալ իրենց այդ «հաղթանակով»։

Բնավ պատահական չէ, որ Հայաստանի և հայ ժողովրդի համար պատմական ահավոր աղետ դարձած 44-օրյա պատերազմի մասին հիշատակում չկա կառավարական կայքերից ոչ մեկում, բացի ԱԳՆ կայքից: Թեպետ, այնտեղ էլ այդ բաժինը ջնջեցին «Լեռնային Ղարաբաղ» բաժնի հետ միասին, բայց հետո ստիպված վերականգնեցին։ Սակայն այդտեղ ներկայացված է իրադարձությունների լոկ չոր ժամանակագրությունը, ներառյալ ՊՆ-ի՝ ի դեմս Արծրուն Հովհաննիսյանի, սուտ, ցինիկ հաղորդագրությունները, որոնք վաղուց արդեն միմիայն ամոթի ու զայրույթի զգացում են առաջացնում։

ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔՈՒՄ ՈՉ ՄԻ ՏՈՂ ՉԿԱ ո՛չ Արցախյան առաջին ազատամարտի, ո՛չ էլ հաջորդ՝ Ապրիլյան և 44-օրյա պատերազմների, հայկական տարածքների բռնազավթման և Ջերմուկի մերձակայքում 2022-ի սեպտեմբերյան պատերազմի մասին։ Արցախում 2022-2023 թվականներին տեղի ունեցած իրադարձություններին անդրադարձի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է. ոչ մի պետական կայքում հիշատակում չկա 10-ամսյա շրջափակման և Հայրենիքից 120 հազար հայերի գաղթի մասին։

Այս ամենը սրանք ուղարկում են արխիվ, որովհետև ուզում են իրենց «իրական Հայաստանը» սկսել տխրահռչակ «զրոյական կետից»։ Ինչպես իրենց է թվում՝ «հաղթական» և «խաղաղ», որում չկա Հայոց բանակի զինվորների հերոսությունը, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում, արցախահայության պայքարն ու նրանց տոկունությունն ու արիությունը և հիրավի աննախադեպ դիմադրությունը 2023թ. սեպտեմբերի 19-20-ին: Եվ առավելևս չկա այն խայտառակ կապիտուլյացիան, որին մեր ժողովրդին դատապարտեց Հայաստանը բռնազավթած օտար իշխանությունը։

Նրանք շատ են ուզում, որ այդպես լինի։ Բայց անհնար է, որ մանկուրտների ինչ-որ կույտ, որոնք տարված են բացառապես սեփական որկորն ու դրամապանակը լցնելով, ջնջի մի ամբողջ ժողովրդի հիշողությունը։ Անհնար է արխիվում թաքցնել այն, ինչը դեռ սաստիկ ցավ է պատճառում և դեռ երկար է ցավելու, ինչը դեռ շատ թարմ է հարյուր հազարավոր մարդկանց հիշողության և սրտի մեջ: Անհնար է արխիվ ուղարկել Եռաբլուրը, Արցախը և հայկական Արարատը։

Ինչպես որ անհնար է ԱԺ-ի կամ կառավարության որևէ հատվածում թաքցնել անվերապահ ու վերստուգման ոչ ենթակա փաստը. կապիտուլյացիան և աղետը հստակ ունեն մեկ անուն՝ Նիկոլ Փաշինյան։