ՀՀ կառավարությունում ակտիվ փուլում են «ատելության խոսքի» դեմ պայքարին ուղղված նոր օրինագծի մշակման աշխատանքները, հայտնել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ նախագծով նախատեսվում է ընդլայնել «ատելության խոսքի» սահմանումը։ Մասնավորապես, բացի ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնական հայացքներով պայմանավորված անհանդուրժողականությունից, այդ շարքին կդասվի նաև «քաղաքական հայացքներով» պայմանավորված խոսքը։ Լրատվականի գնահատմամբ՝ սա կարող է լրացուցիչ սահմանափակումներ ստեղծել ԶԼՄ-ների և ընդդիմադիր գործիչների համար։
Թերթի տեղեկություններով՝ օրենսդրական փոփոխությունների նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են վարչապետի հանձնարարականով։
Կազմված տեղեկանքի համաձայն՝ նախատեսվում է խստացնել քաղաքացիական և վարչական պատասխանատվությունը՝ օրենսգրքերում սահմանելով աննախադեպ խոշոր տուգանքներ, որոնք կարող են տատանվել նվազագույն աշխատավարձի 3000-6000-ապատիկի չափով։
Բացի այդ, քննարկվում են ԶԼՄ-ների ֆինանսական թափանցիկության վերահսկման, հավատարմագրումից զրկելու և լրատվամիջոցների գործունեության դադարեցման մեխանիզմների ներդրման հարցերը, որոնք, ըստ թերթի աղբյուրների, կիրառություն կստանան հունիսի 7-ի ընտրություններից հետո՝ իշխանության վերարտադրության պարագայում։
Օրինագծի մշակման գործընթացում ներգրավված են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի տնօրեն Վահագն Թևոսյանը և Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խորհրդական Լյովա Սարգսյանը։
Armenia Today
