Կառավարությունը նոյեմբերի 27-ի նիստում հավանություն տվեց նախագծին, որով եկեղեցիներն ու պաշտամունքային կառույցները հնարավոր է լինելու օտարել միայն գործադիրի համաձայնությամբ, ինչը նախատեսված չէ գործող օրենսդրությամբ։
Գործող կարգավորումներով՝ հուշարձանների ցանկացած օտարում, անկախ տեսակից, ներառում է միայն լիազորված մարմնին նախապես տեղեկացնելու պարտականություն և չի պահանջում կառավարության հավանություն։
Նախագծի հեղինակներ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանն օրենսդրական փոփոխությունը բացատրել են պաշտամունքային կառույցների մշակութային, հոգևոր, կրոնական կամ պատմական արժեքի պահպանման կարևորությամբ։
Նրանց խոսքով՝ իրենց նպատակը հատկապես պաշտամունքային կառույցների օտարման կարգավորումն է։ Ըստ հիմնավորման՝ նման կառույցների օտարման դեպքում պետությունը պետք է ունենա համաձայնություն տալու կամ մերժելու իրավունք։
«Պետական ցուցակներում ներառված եկեղեցիները, վանքերը, եկեղեցական և վանական համալիրները, տաճարները, մատուռները և պաշտամունքային այլ կառույցները կարող են ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարվել կառավարության համաձայնության դեպքում»,- ասված է նախագծում։
Նշվում է, որ հուշարձանի սեփականատերը պարտավոր է նախապես գրավոր տեղեկացնել լիազորված մարմնին՝ ներկայացնելով գործարքի նախագծերը և սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը, իսկ կառավարության պատասխանը պետք է տրվի երկամսյա ժամկետում։
Նախագծի համաձայն՝ կառավարությունը կարող է մերժել համաձայնությունը, եթե կա գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ նպատակային օգտագործելու ռիսկ, գործարքը հակասում է հանրային շահին, կամ ներկայացված փաստաթղթերը կեղծված են։ Նշվում է, որ այս պահանջների շրջանցումը հանգեցնելու է գործարքի անվավերության։
Եկեղեցու և իշխանությունների միջև տևական հակադրության փուլում Ղազարյանը և Գաբրիելյանը հեղինակել էին նաև նախագիծ, որով «Շողակաթ» հեռուստաընկերությունը զրկվել էր հանրային հեռարձակողի կարգավիճակից։
Armenia Today
