ՀՀ կառավարության մարտի 12-ի նիստում միաձայն ընդունվել է պետական մարմինների կատարողականի գնահատման արդյունքներով աշխատակիցներին լրացուցիչ վարձատրություն տրամադրելու որոշումը, որի հիմնական նպատակը հանրային ծառայության որակի և արդյունավետության խթանումն է։
Հարցը զեկուցող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հիշեցրել է, որ պետական կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված այս պիլոտային ծրագիրը հաստատվել էր դեռևս նախորդ տարի: Նախաձեռնությունը կոչված է նյութապես խրախուսելու բարձր արդյունքներ ցուցաբերած աշխատակիցներին՝ դրանով իսկ նպաստելով համակարգում մրցունակ և պրոֆեսիոնալ կադրերի պահպանմանը, նոր մասնագետների ներգրավմանն ու պետական ռեսուրսների առավել արդյունավետ կառավարմանը:
Փոխվարչապետի տվյալներով՝ 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով 15 կառավարման մարմինների արդեն իսկ հատկացվել էր 3,6 միլիարդ դրամ լրացուցիչ վարձատրության ֆոնդ՝ 57 տարբեր ուղղություններով կատարված աշխատանքների դիմաց: Այժմ, ամփոփելով նույն տարվա երկրորդ կիսամյակի տվյալները, արձանագրվել է հնարավոր առավելագույնին մոտ ցուցանիշ: Այս արդյունքների հիման վրա պետական մարմինների աշխատակիցների լրացուցիչ վարձատրության համար կտրամադրվի ևս մոտ 4,6 միլիարդ դրամ:
Տիգրան Խաչատրյանը հատուկ ընդգծել է, որ այս փուլում գործնականում ստուգվելու է նաև, թե նախորդ կիսամյակում խրախուսված պաշտոնյաներն ինչպես են կատարել իրենց կրթության մեջ ֆինանսական ներդրումներ անելու պարտադիր պահանջը: Նախատեսվում է, որ պիլոտային ծրագրի հաջող ընթացքն ու վերլուծությունը թույլ կտան արդեն այս տարի Ազգային ժողով ներկայացնել օրենսդրական նոր փաթեթ, որը հանրային ծառայության վարձատրության այս մեխանիզմները կտեղափոխի երկարաժամկետ և օրենքով կարգավորվող հարթություն:
Verelq.am
