Логотип

Կառավարությունը վարկ կվերցնի «Վեոլիա Ջուր» ընկերությանն աջակցելու համար

ՀՀ կառավարությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 70 մլն 400 հազար եվրոյի վարկային միջոցներ է ներգրավում «Վեոլիա Ջուր» ընկերությանն աջակցելու համար։ Այսօր ԱԺ–ում «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։

«Ցանկանում եմ նշել, որ այս ծրագիրը համաֆինանսավորվելու է նաև Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից՝ 70 մլն եվրո գումարի չափով և Հայաստանի կառավարության կողմից՝ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսքով»,– ասաց նա:

Ղալամքարյանի խոսքով` համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերին, որի նպատակն է Հայաստանի ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման արդիականացումն ու բարելավումը: Կոմիտեի նախագահը մանրամասնեց, որ ծրագիրն ունենալու է չորս հիմնական բաղադրիչ. առաջին՝ ջրային ոլորտի բարեփոխում և կլիմայադիմացկուն ոռոգման և գյուղական ջրամատակարարման, ջրահեռացման ծառայությունների ինստիտուցիոնալ հզորացում, երկրորդ՝ գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում, երրորդ՝ ոռոգման ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման արդիականացում և չորրորդ՝ ծրագրի կառավարում:

«Ծրագիրը 2 փուլով է իրականացվում, այսինքն` առաջին փուլը նախատեսված է 5 տարվա համար. կլինի նաև ծրագրի երկրորդ փուլ: Առաջին փուլի համար նախատեսվում է 185 մլն դոլարի, իսկ երկրորդ փուլի բյուջեն ավելի մեծ կլինի` մոտավորապես 250 մլն դոլարի չափով գումար»,– հավելեց Ղալամքարյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հետաքրքրվեց գյուղական համակարգում ջրի կորուստներից։ Ղալամքարյանը պատասխանեց՝ այդպես էլ որևէ կոնկրետ թիվ չնշելով։ Միայն ասաց, որ 25 մլն դոլարի ներդրում պետք է կատարվի գյուղական բնակավայրերում:

Նշենք, որ ավելի վաղ Ջրային կոմիտեի նախագահը հայտնել էր, որ տարեկան շուրջ 45 տոկոս ջրի կորուստ կա:

«Եթե չգիտեք, ապա ասեմ, որ կորուստները հաշվում են ըստ ՋՕԸ-ների տված ցուցանիշների, վերջում ընդհանուր հայտարարի է բերվում ու ասվում, որ հանրապետությունում ջրի կորուստն այսքան է։ Ես տեղեր գիտեմ, որ 70-80 տոկոս է ջրի կորուստը, չնայած ձեր թույլատրելի սահմանը 40 տոկոսն է։ Այ սրա համար չեք բարձրաձայնում թիվը»,– իր ելույթով արձագանքեց Արման Ղազարյանը։

Նշենք, որ վարկային միջոցներով, ըստ նածագծի, ներգրավված չեն ջրամբարները։ Ծրագրի շրջանակում կիրականացվի ջրանցքների արդիականացում և թարմացում:

Sputnik Արմենիա