«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը պատասխանել է շարժման վարչապետի թեկնածուի մասին հարցին և մեկնաբանել ընտրական դաշինք կազմելու և ընդդիմության ներկայացուցիչների հետ համագործակցելու հնարավորությունը:
«ԿարՓիս հարցեր» հաղորդման ժամանակ Կարապետյանը նշել է, որ շարժումը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին, որը ներկայումս կալանքի տակ է, դիտարկում է որպես Հայաստանի գաղափարական առաջնորդ:
«Երկրի գաղափարական ղեկավար ենք տեսնում Սամվել Կարապետյանին»,- ասել է նա:
Հարցին, թե արդյոք այս դեպքում ինքը կլինի վարչապետի թեկնածո՞ւ, Նարեկ Կարապետյանը պատասխանել է. «Վարչապետի մասին դեռ ձեռնպահ կմնաք խոսելուց, բայց վստահեցնում ենք, որ վարչապետի թեկնածությունը մեր հասարակության կողմից կլինի բավականին ընդունելի»:
«Մեր ձևով» շարժման համակարգողը մեկնաբանել է ընտրություններից առաջ ընդդիմության համախմբման հնարավորությունը: Նա նշել է, որ լայն կոնսոլիդացիա հնարավոր է։
«Քննարկվում է, բայց այդ կոնսոլիդացիայի մեջ մենք չենք տեսնում մեր կողմից շատ հարգված մարդկանց»,- ասել է նա՝ բացառելով «այս էտապում» համագործակցությունը ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ։
Կարապետյանը ձեռնպահ է մնացել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և վարչապետի նախկին հատուկ բանագնաց Էդմոն Մարուքյանի հետ համագործակցելու մասին հարցին պատասխանելուց։ Նա հնարավոր է համարել այլ ուժերի հետ համագրոծակցությունը։
«Մենք պետք է գնահատենք մեր հասարակության հիմնական սպասելիքները, հասարակությունը պատրա՞ստ է, թե՞ ոչ։ Պետք է կառավարման սերունդ փոխվի, մոտեցում պետք է փոխվի, 21-րդ դարը պահանջում է սերնդափոխություն»,- հավելել է Կարապետյանը։
Հունիսին Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ իշխանությունների արշավը քննադատելուց հետո: Օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։
Armenia Today