«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գաղտնալսումից պարզ է դառնում, որ նրանք երբևէ Սամվել Կարապետյանի հետ չեն հաղորդակցվել։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ դա արդեն նախաքննական գաղտնիք չէ։
Նշենք, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարություններ էին անում՝ Սամվել Կարապետյանի անունը կապելով Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքարի» 17 աջակիցների դեմ նախաձեռնված գործի հետ` իբր ՀԷՑ-ը պետք է անջատեր քաղաի լույսերը, կոլապսային վիճակ ստեղծեր։ Պաշտպան Արամ Վարդևանյանը դեռ հունիսին հայտարարել էր, որ Սամվել Կարապետյանը կրկին հարցաքննվել է և հայտարարել, որ Բագրատ սրբազանի շարժման հետ կապ չկա։
«Միքայել և Բագրատ սրբազաններին գաղտնալսել են, և այդ խոսակցությունից պարզ է դառնում, որ իրենցից որևէ մեկը երբևէ Սամվել Կարապետյանի հետ հաղորդակցում չի ունեցել»,- ասաց Վարդևանյանը։
Նա հայտարարեց՝ տվյալը հասու է Քննչական կոմիտեին, սակայն դրան որևէ տրամաբանական գործողություն չի հաջորդել։
«Ի՞նչ է նշանակում «մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» քննչական կոմիտեի համար։ Ես չեմ հասկանում, շուրջ 5 ամիս է` չեմ կարողանում հասկանալ՝ ինչ են դրանում դատավորները տեսել»,- ասաց Վարդևանյանը՝ որպես հակադրություն հիշեցնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները, որոնցում, ըստ նրա, նաև կոնկրետ սպառնալիք էր՝ «պետության համը բերաններդ կմնա» արտահայտության տեսքով։
Հավելեց՝ Սամվել Կարապետյանի մասին որևէ օպերատիվ տվյալ առկա չէ։
Պաշտպան Արամ Վարդևանյանը ոչ միայն խոսեց Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքի և ներկայացվող ապացույցների հիմնազուրկ լինելու մասին, այլև անդրադարձավ ՀԾԿՀ-ի այսօրվա որոշմանը, որով դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։ Վարդևանյանի խոսքով՝ միանշանակ բողոքարկման ենթակա որոշում է։
«Վստահ եմ՝ այն բողոքարկվելու է, և այդ առումով էլ հետաքրքիր զարգացումներ են լինելու»,- ասաց Վարդևանյանը։
Ինչպես հայտնի է, այսօր ժամը 10։00–ից ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կարապետյանի կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու միջնորդությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13–ին որոշում է կայացրել, որով անհիմն է համարել Կարապետյանին վերագրվող տնտեսական բնույթի մեղադրանքները: Այդ տրամաբանությամբ Կարապետյանը պետք է ազատ արձակվեր արդեն նոյեմբերի 17–ին, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը նույն օրը՝ նոյեմբերի 13–ին, որոշում է կայացրել՝ արձանագրելով, թե տնտեսական բնույթի մեղադրանքների հիմքեր կան։ ՔԿ–ն այդ հիմքով անմիջապես միջնորդություն է ներկայացրել կալանքը երկարացնելու մասին:
Sputnik Արմենիա
