Логотип

Կարապետյան․ Եկեք ազնիվ լինենք, արցախցիների վերադարձն այս պահին հնարավոր չէ

Որ պահին իշխանությունները տեսան, որ մեծ տարբերությամբ հասարակությունն աջակցում է Սամվել Կարապետյանին, և նա դառնում է գլխավոր փոփոխություն բերող ուժը, սկսելու են ոչ ժողովրդավար գործիքներ ման գալ։ Այս մասին, այսօր՝ մարտի 13–ին, հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

«Բայց նրանք չեն հասկանում, որ հասարակության 70%-ը իրենց դեմ է, այդ գործիքները դելիգիտիմացնելու են իրենց, դելիգիտիմացնելու են ամբողջ հայկական ժողովրդավարությունը, ոչ թե հիմա, այլ տասնամյակներ։ Եթե դու քո հիմնական ընդդիմադիրին ամեն անգամ կարողանալու ես ինչ-որ ձևով սահմանափակել, ուրեմն բոլոր իշխանություններն էլ նույնը անելու են, ինչո՞ւ է պետք ժողովրդավարությունը»,–ասաց նա։

Հարցին՝ դուք Ռուսաստանից ընտրողների բերելո՞ւ եք Հայաստան, որ գան մասնակցեն ընտրությանը, նա կարճ պատասխանեց. «Ո՞նց եք դուք դա տեխնիկապես պատկերացնում»։

Խոսելով արցախցիների խնդիրներից, Նարեկ Կարապետյանն ասաց, որ այս պահին գլխավոր խնդիրը նրանց Հայաստանում տնավորելն է. «Ինչ վերաբերում է նրանց Արցախ վերադարձին, եկեք իրար հետ ազնիվ լինենք. Ադրբեջանի այս ղեկավարը հնարավորություն չի տալու, որ արցախցիներն անվտանգ այնտեղ ապրեն։ Երբ ունենանք այդ ապահովությունը, որ մեր հայրենակիցները ապահով են լինելու, այդ ժամանակ պետք է վերադարձի հարցը դնենք։ Առաջնահերթություն լինելու է բայց այս պարագայում ես ուզում եմ ազնիվ լինեմ մեր հանրության հետ։

Ադրբեջանի այս ղեկավարը 10 հայի հետ յոլա չգնաց այնտեղ, ո՞նց եք պատկերացնում, մեր մյուս հայրենակիցները ինչպես են ապրելու։ Երբ լինի այդ երաշխավորությունը, որ մարդիկ անվտանգ կլինեն, այդ ժամանակ հարցը կբարձրացնենք։ Դրա համար պետք է աշխատել, միջազգային աշխատանք, նաև հարաբերությունների կարգավորման շրջանակներում աշխատանք, որպեսզի կարողանան մեր հայրենակիցները իրենց հայրենիք անվտանգ վերադառնալ։ Բայց դա մեծ հարց է, պետք է մենք շատ լուրջ վերաբերվենք»։

News.am