Логотип

Կարապետյան․ Վարչապետի աշխատակազմն ավելի շատ է ծախսում, քան 4 թագավորական ընտանիք միասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի վարչապետի աշխատակազմը ծախսում է ավելի շատ, քան ծախսում են Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի, Դանիայի թագավորական ընտանիքները միասին վերցրած։ Այս մասին այսօր տեսաուղերձում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Իր վերջին կառավարման ընթացքում վարչապետի աշխատակազմի ծախսերը ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- խմբ․) ավելացել 4 անգամ՝ դաարձնելով 65 միլիոն դոլար։ Արդյոք Հայաստանը 4 անգամ ավելի լավ է ապրում, Հայաստանի քաղաքացին 4 անգամ ավելի լավ է ապրում, որ վարչապետի աշխատակազմը 4 անգամ ավելի շատ է սկսել ստանալ»,- նշել է նա։

Կարապետյանն իր տեսաուղերձում անդրադարձել է նաև վերջին շրջանում քննարկվող մի քանի այլ թեմաների ևս։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին այն հայտարարությանը, թե ՀՀ-ում չկա մի ընտանիք, որից ՀէՑ-ը չի գողացել։

Ըստ Կարապետյանի՝ Փաշինյանը հատուկ է օգտագործել «ՀԷՑ-ը չի գողացել» տերմինը, որպեսզի հետագայում դատարանում խուսանավելու տեղ ունենա։

«Նա այսպես է արել, որ երբ մենք ուզենանք«ՀԷՑ-ով դիմենք դատարան, որպեսզի նա կա՛մ ապացուցի, կա՛մ ներողություն խնդրի իր ասածի համար, իր կողմից նշանակված կառավարիչը իրավունք ունենա այդ հայցը դատարանից հետ վերցնել և թույլ չտալ, որպեսզի նրան ստիպեն իր խոսքերի համար պատասխան տալ»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանում վերջին 10 տարվա ընթացքում փոխվել է 800000 հաշվիչ, դարձել է էլեկտրոնային համակարգով, որի արդյունքում կորուստները 15 %-ից իջել են 6 %։ Արդյունքում տարեկան 35-ից 40 միլիոն դոլար սակագնի տնտեսում է եղել։

«Մեր ձևով» շարժման համակարգողը իր տեսաուղերձում խոսել է նաև իր մարզեր կատարած այցից ու պատմել, թե ինչ է արձանագրել վերջերս։

«Որ գյուղ մտնում եմ, մարդիկ վարորդական իրավունքից զրկված են ինչ-որ անիմաստ խախտումի պատճառով և իրենց ընտանիքը չեն կարողանում պահել, քանի որ շատ մարդկանց ապրուստի միջոցը ավտոմեքենա վարելն է»,- ասել է նա։

Նա հավաստիացրել է, որ իրենց առաջին քայլերից մեկը լինելու է այդպիսի մարդկանց հնարավորություն տալը, որպեսզի վերջիններս ինչ-որ փորձաշրջան անցնելուց հետո կարողանան հետ ստանալ իրենց վարորդական իրավունքը ու կարողանան իրենց ընտանիքը պահել։

Sputnik Արմենիա