Логотип

Կարապետյան․ «Տաշիր կապիտալը» էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման համար նորից կդիմի ՀԾԿՀ

«Տաշիր կապիտալ» ընկերությունը պատրաստվում է ևս մեկ անգամ դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` իջեցնելու էլեկտրաէներգիայի սակագինը։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այդ մասին հայտնել է «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը։

«Վաղը մենք մի անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով` կցելով նրանց այսօրվա հայտարարությունը, և կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը և իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Իջեցրո՛ւ սակագինը, պարոն Մեսրոպյան»,– գրել է Կարապետյանը:

Նա հիշեցրել է, որ իր նախորդ գրառմանն ի պատասխան ՀԾԿՀ–ն հայտարարել է, որ մերժել է հունիսի 6–ի իրենց առաջարկը, քանի որ ցանկացել է սակագնի վերանայում անել տարեվերջին: ՀԾԿՀ հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին»։

Հիշեցնենք` Նարեկ Կարապետյանն իր նախորդ գրառման մեջ նշել էր, որ հունիսի 6–ին (Սամվել Կարապետյանի ձերբակալությունից առաջ) ՀԷՑ-ի անունից դիմել են ՀԾԿՀ նախագահին՝ էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու առաջարկով (3,6 մլրդ դրամի չափով), քանի որ էներգահամակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։ Հունիսի 13–ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։

ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր լրագրողներին ասաց, որ ՀԾԿՀ հաշվարկը, թե արդյունքում ընդամենը 0.5 դրամով էր սակագինն իջնելու, սխալ է. իր մոտավոր հաշվարկներով` սակագինը կիջնի առնվազն 1 դրամով։ Բացի այդ, Ղազինյանը նշեց, որ ՀԾԿՀ–ն միտումնավոր է ձգձգում իրենց դիմումի քննությունը, որպեսզի հասցնեն իրենց ՀԷՑ–ի սեփականությունից զրկել, իսկ հետո սակագնի իջեցումը ներկայացնեն որպես իրենց սեփական նախաձեռնություն։

Sputnik Արմենիա