Կարգալույծ արված նախկին քահանա Արամ Ասատրյանը (Ստեփան Ասատրյան) չի պատրաստվում հեռանալ Հովհաննավանքից։ Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։
«Բնականաբար, չեմ հեռանալու, իմ ժողովուրդն ուզում է, որ ես ծառայեմ իրեն։ Այս ամբողջ ընթացքում, որ 6 տարի քահանայություն եմ արել այստեղ, որևէ աջակցություն իրենց կողմից չեմ ունեցել (նկատի ունի Մայր աթոռին և Արագածոտնի թեմի առաջնորդին -խմբ․ )»,- նշեց նախկին հոգևորականը։
Ասատրյանը համոզված է, որ հավատացյալներն իրեն կաջակցեն, անհրաժեշտության դեպքում ավելի քան տասը հազար մարդ կհավաքվի և թույլ չի տա իրեն վտարել: Նա հայտարարել է, որ ժողովուրդը թույլ չի տա նոր հոգևորական ուղարկել եկեղեցի, և դա կդիտվի որպես սադրանք:
«Ժողովուրդը թույլ չի տա։ Սա ասում եմ, որ իրենց ականջին օղ անեն, որ եթե փորձեր անեն, իրենց վրա ժողովրդի ուժը կզգան»,- հայտարարեց կարգալույծ արված քահանան։
Արձագանքելով լրագրողների դիտարկումներին, թե տարօրինակ է հոգևորականի շուրթերից սպառնալիք լսելը, Ասատրյանը նշեց՝ սպառնալիք չէ, նախազգուշացում է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց՝ որևէ արարողություն կամ որևէ եկեղեցական խորհուրդ, որ կկատարի նախկին քահանան, անվավեր է։
«Թե պսակադրության, թե մկրտության, առավել ևս պատարագի խորհուրդը կարգալույծ հոգևորականի կողմից անվավեր է։ Հուսանք՝ նա ողջախոհ կլինի և կազատի վանքը։ Չեմ կարող ոչինչ կանխատեսել, հուսանք՝ որևէ միջադեպ չի լին»,- նշեց Արթենյանը։
Հավելենք, որ այսօր ԱԺ հայտարարությունների ժամին խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, թե «իր լիակատար համերաշխությունն է հայտնում տեր Արամին»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ րոպեներ առաջ իր տելեգրամյան ալիքում հայտարարեց, որ կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին։