Логотип

Կարգալույծ է հռչակվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանը

Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, ընդառաջելով Գերագույն հոգևոր խորհրդի առաջարկին, կարգալույծ է հռչակվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Հիմք է ծառայել այն, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով։

Մայր աթոռից հայտնում են նաև, որ այսօր կայացած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում խստորեն դատապարտվել է ծառայություն իրականացնող հոգևորականների նկատմամբ գործադրվող ճնշումները ու արձանագրվել, որ դրանք ՀՀ Սահմանադրության և օրենսդրության ակնհայտ խախտումներ են, որոնք ունեն շարունակվող մտահոգիչ միտումներ։

Ազգային ժողովում եկեղեցուն առնչվող օրինագծերի մասին զեկույցով հանդես է եկել Գևորգ Դանիելյանը։ Անդրադարձ է կատարվեց հողային և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններին ու շեշտվել՝ ԳՀԽ դիրքորոշումն է, որ ընդհանրապես արգելվի պաշտամունքային հուշարձանների օտարումը՝ անկախ սեփականության ձևից։

Ժողովի ընթացքում քննարկվել են նաև Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հրավիրված Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման հարցեր։

Sputnik Արմենիա