Логотип

Կարգալույծ քահանաները պետք է պաշտոնավարեն մինչև վերջնական դատական ակտը. դատարանն է որոշել

Դատարանը գտնում է, որ կարգալույծ արված քահանաներ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում՝ տեր Թադե) պետք է շարունակեն պաշտոնավարել, մինչև վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Որպես հայցի ապահովման միջոց՝ դատարանը պարտավորեցնում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն և այլ անձանց «ամբողջությամբ և առանց խոչընդոտ» ապահովել նախկին հոգևորականների պաշտոնավարումը մի դեպքում Սուրբ Հովհաննավանքի, մյուս դեպքում՝ Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոններում։

Բացի այդ, դատարանը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուց պահանջել է նաև ներկայացնել նախկին քահանաներին պաշտոնից ազատելու մասին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինության հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, դրանում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը, ինչպես նաև Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին հայտնի դարձավ, որ կարգալույծ արված քահանաներ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե) հայց են ներկայացրել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Նրանք պահանջում են Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշումն անվավեր ճանաչել և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատարանը հետ է վերադարձրել նախկին հոգևորականների հայցադիմումները՝ թերությունները եռօրյա ժամկետում վերացնելու համար։

Sputnik Արմենիա