Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ-խմբ.) գլխավորելու է հոգևորականների միությունը, ովքեր դեմ դուրս կգան Ամենայն Հայոց կաթողիկոսին, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աստրյանը, թերթի հաղորդմամբ, իշխանություններից բոլոր երաշխիքներն ունի անելու այնպես, ինչպես ինքն է կամենում, միայն թե արդյունքում Գարեգին Երկրորդ կաթողիկոսը հեռացվի։
Թերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մերձավոր շրջապատում հայտնել է, որ արդեն սրբազանների մի խումբ է ձևավորվել, որն աշխատում է հօգուտ իրենց, ու քայլերի պլան է մշակվում: Սրբազանները, պարբերականի տվյալներով, հոգևորականների ներքին քննարկումների ժամանակ պետք է անընդհատ խոսեն կաթողիկոսի շրջապատի մարդկանց, նրանց պատճառով սկսված եկեղեցական արշավի ու առաջիկա ճնշումների մասին:
«Հրապարակ»-ը հայտնել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր նշանակված է եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցելու են բոլոր 20 եպիսկոպոսները: Լրատվականը նշել է, որ քննարկելու են մի շարք հարցեր, հատկապես եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, օրակարգում է նաև Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հարցը:
Հոկտեմբերի 25-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որին կից նշված էր, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է իր քեռակնոջ հետ»։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար արքեպիսկոպոսի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։ Դատախազությունից ընթացք էին տվել հաղորդմանը: Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ նշելով, որ այն ուղղված է իր և եկեղեցու դեմ:
Armenia Today
